AM
11 Նոյեմբեր 2016 - 08:31 AMT

Թուրքիայում հայ և հույն վարպետների պատրաստած՝ արվեստի գործ համարվող 4000 կոչնակից մոտ 30-ն է մնացել

Թուրքիայի Մուղլա նահանգում մոտ 150-ամյա պատմական տների կոչնակների թիվը գնալով պակասում է: Հայ և հույն վարպետների ձեռքով պատրաստված և իրենցից արվեստի գործ ներկայացնող 4 հազար կոչնակից այսօր ընդամենը 20-30-ն է մնացել:

Օսմանյան մշակույթի մի մասը հանդիսացող կոչնակները այսօր գողերի թիրախում են հայտնվել և պահպանության տակ չառնվելու դեպքում ամբողջությամբ կվերացվեն, թուրքական Milligazete.com.tr էլեկտրոնային պարբերականին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Նախկինում Մուղլայի ամենագեղեցիկ ճարտարապետական օրինակներ հանդիսացող տների մեծ մասը կոչնակներ են ունեցել: Երկփեղկ փայտե դռների կոչնակները տան տերերի սոցիալական, մշակութային և էտեթիկ ճաշակի մասին շատ բան էին ասում:

«Կոչնակները հիմնականում լինում էին բադի, ձեռքի կամ օղակի տեսքով: Դուռը թակելու ձևից տան տերերը կարող էին հասկանալ թե ով է հյուրը: Օրինակ՝ տղամարդիկ կոչնակը 3 անգամ էին թակում, կանայք՝ 2, երեխաները ` արագ ու շատ, իսկ հյուրերը թակում էին դանդաղ: Եթե տան տերը կարճ ժամանակով էր ինչ-որ տեղ գնում, կոչնակի վրա` կարճ թել էր կախում: Իսկ եթե երկար ժամանակով էր հեռանում` երկար թել էր կախում: Այսպիսով հյուրերը, թելին նայելով, կարող էին հասկանալ, թե տան տերը երբ է վերադառնալու»,- գրում է պարբերականը:

Ճարտարապետ Էրթուղրուլ Ալադաղը, ով ուսումնասիրում է կոչնակների պատմությունը, ասում է. «Հայ և հույն վարպետների հմուտ ձեռքերի աշխատանքը հանդիսացող կոչնակները բացի զանգի գործառույթ կատարելուց, նաև արվեստի իսկական գործ են»:

Ալադաղը նշում է, որ Մուղլայի պատմական կոչնակները իրենց ներկայացրած մշակույթի և կենցաղի հետ միասին վերանալու վտանգի տակ են և անհրաժեշտ է դա կանխել: