AM
14 Նոյեմբեր 2016 - 10:20 AMT

«ՆԱՏՕ-ի շաբաթը» ՀՀ-ում. ԼՂ հիմնախնդիրն ու սիրիական ճգնաժամն ուշադրության կենտրոնում են

Հայաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը, որի ընթացքում իրականացվող միջոցառումների հիմնական նպատակն է լայն հանրությանը ներկայացնել այն գործողությունների, համագործակցության շրջանակը, որը Հայաստանը զարգացնում է ՆԱՏՕ-ի հետ:

«ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում ուզում եմ ընդգծել գործընկերություն առանցքը: ՆԱՏՕ-ի և Հայաստանի համար գործընկերություն նշանակում է, որ աշխատում ենք այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն են ներկայացնում»,- նոյեմբերի 14-ին «ՆԱՏՕ-ի շաբաթվա» մեկարկն ազդարարող ասուլիսում ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն, գրում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ բացի այն, որ ՀՀ-ն ու ՆԱՏՕ-ն միասին իրականցնում են ծրագրեր, նաև փոխանցում են միմյանց հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ: Ուիլյամ Լահյուն նշել է, որ վերջերս հայկական պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել են սիրիական ճգնաժամը՝ Հայաստանին հետաքրքրող խնդիրների ընդգրկմամբ:

«Հասկանում ենք՝ Հայաստանը լինելով համեմատաբար փոքր երկիր, սիրիացի փախստականների բավականին ստվար խումբ է ընդունել ՝ մոտ 20 հազար: Հիմա էլ պատերազմից տառապում են շատ հայեր Սիրիայում, նաև Հալեպում»,- նշել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

Լահյուն ասել է, որ քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը. «ՆԱՏՕ-ն, անշուշտ, հասկանում է Հայաստանի ժողովրդի վրա նմանօրինակ շարունակական հակամարտությունների թողած լուրջ ազդեցությունը: Թեև ՆԱՏՕ-ն ուղղակիորեն, ակտիվորեն ընդգրկված չէ հիշյալ հակամարտություններից ոչ մեկում, այնուհանդերձ ակտիվորեն մեր գործընկերների հետ միասին փորձում են քաղաքական օժանդակություն տրամարդել այն հաստատություններին, որոնք աշխատում են հանուն խաղաղության այս տարածաշրջանում»:

ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի հետ աշխատում են տարբեր ծրագրերի շրջանակում՝ կոռուպցիայի դեմ պայքար, պաշտպանական ասպարեզում կրթական ծրագրերի թարմացում, համագործակցում են ՀՀ ԱԺ-ի հետ:

«Աշխատում ենք կոնֆլիկտների կանխարգելման ուղղությամբ, որտեղ Հայաստանը վստահելի և ուժեղ գործընկեր է ՆԱՏՕ-ի համար Կոսովոյում և Աֆղանստանում: Հայաստանի կողմից զինծառայողների և սպաների տրամադրումը հենց Հայաստանի նպաստն է տարածաշրջանում խաղաղություն, կայունություն հաստատելու համար»,- նշել է Լահյուն՝ հավելելով, որ ՀՀ-ՆԱՏՕ գործակցությունը, գործընկերությունն առ այսօր ուժեղ է եղել և շարունակելու է ամուր մնալ, քանի որ հիմնված է հենց ՀՀ հետաքրքրությունների, շահերի ընկալման վրա, կոչված է նպաստելու փոխադարձ ընկալմանն ու գործակցությանը տարածաշրջանում և աշխարհում: