Հալեպի Ազգային միացյալ նախակրթարանի աշակերտները շնորհակալական նամակներ են հղել Հայաստանին՝ շնորհակալություն հայտնելով իրենց հասած ձմեռային վերարկուների համար:
Աշակերտների գրած նամակները հրապարակվել են Ազգային միացյալ նախակրթարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Նամակներից պարզ է դառնում, որ վերարկուները երեխաներին են փոխանցվել Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցուց:
«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությանը, որ այս դժվարին պայմաններում օգնեց մեզ: Ես էլ երբ մեծանամ` ցանկանում եմ ձեզ պես օգնել հայ ժողովրդի բոլոր զավակներին»,- գրել է Սևակ Սիմոնյանը:
Մեկ այլ աշակերտ էլ՝ Արեգ Արոյեանը, գրել է, որ վերարկուն շատ է հավանել, քանի որ վրան գրված է Armenia, և պետկերված են Արարատ սարն ու խաչը:
«Շատ դժվար օրեր ենք ապրում Հալեպում պատերազմի պատճառով, նյութական ծանր պայմաններն է՛լ ավելի են դժվարեցնում ծնողների գործը, սակայն շատ մեծ եղավ մեր ուրախությունը, երբ որոշեցիք ձմռան ցուրտ օրերին տաքուկ պահել մեզ` ուղարկելով շատ գեղեցիկ վերարկուներ»,- գրել է կրթարանի 5-րդ դասարանի աշակերտներից մեկը:
Հալեպում բնակվող 2.728 հայ ստացել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը:





