AM
22 Հունիս 2007 - 10:47 AMT

ՆԱՏՕ. Երեւանն ու Բաքուն պիտի իրենց ժողովուրդներին նախապատրաստեն հարցի խաղաղ լուծմանը

Հունիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը եւ ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանը: Տիգրան Թորոսյանը նշեց, որ նախորդ հանդիպումից հետո անցած կարճ ժամանակամիջոցում համագործակցության մեջ լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել, կարեւորվեցին Ազգային ժողովին առնչվող ոլորտները. մասնավորապես ընտրական գործընթացների եւ օրենսդրության բարելավումը: «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» վերանայման անհրաժեշտություն կա, որովհետեւ շատ կետեր արդեն իսկ կատարված են եւ նոր հնարավորություններ են առաջացել համագործակցության համար»,- նշել է Տ. Թորոսյանը:

Իր հերթին, դեսպան Ռոբերտ Սիմոնսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անունից շնորհավորեց Տիգրան Թորոսյանին` միջազգային դիտորդների բարձր գնահատականին արժանացած խորհրդարանական ընտրությունների եւ վերընտրության առիթով, եւ գոհունակություն հայտնեց, որ «ԱԳԳԾ»-ն հաջողությամբ կենսագործվում է: Նա անդրադարձավ հայ խաղաղապահների ներկայությանը Կոսովոյում` կարեւորելով նրանց դերը խաղաղության պահպանման առումով: Կոսովոյում հայ խաղաղապահ ուժերի առնչությամբ նշվեց, որ Հայաստանը, իբրեւ միջազգային հանրության լիարժեք անդամ, պատրաստ է մեծացնել իր ներկայությունը եւ Ազգային ժողովը կաջակցի այդ հարցում:

Ազգային ժողովի նախագահը ծրագրի տարածաշրջանային ընդգրկման մեծացման առումով առաջարկեց համագործակցությանը նոր որակ հաղորդելու քայլեր անել` ինչը լավ աջակցություն կլինի հակամարտությունների հաղթահարմանը: Այս կտրվածքով պարոն Թորոսյանն անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նշելով, որ ՆԱՏՕ-ն այդ խնդրով չի զբաղվում, բայց միջազգային բոլոր կառույցներն ունեն տասնամյակների ընթացքում իրենց արդյունավետությունը հաստատած սկզբունքներ ու մոտեցումներ, որոնք պետք է ավելի հաստատուն պաշտպանեն` նպաստելով եւ հակամարտությունների լուծմանը, եւ երկրների զարգացմանը: Պարոն Թորոսյանը նշեց մասնավորապես Հայաստանի նկատմամբ Ադրբեջանում օր-օրի մեծացող ատելության ու պատերազմի քարոզչությունը, որը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հարցի լուծման լավատեսությանը: Անհավատալի է, որ ատելություն ու պատերազմ քարոզող պետությունը այդ կերպ իր ժողովրդին պատրաստում է հակամարտության լուծման: Հայաստանում նման քարոզչություն եւ քաղաքականություն երբեք չի եղել: Նման քաղաքականությունը հիմք է տալիս մտածելու, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում չի ցանկանում` իր համար պահպանելով կեղծ հայրենասիրական կոչերի եւ բյուջեում ռազմական ծախսերի մեծացման հնարավորությունը, թեպետ հազիվ թե լրջորեն կարծում է, որ պատերազմով կարող է հարցը լուծել:

Ռոբերտ Սիմոնսը համաձայնեց, որ երկու երկրներն էլ պիտի իրենց ժողովուրդներին նախապատրաստեն հարցի խաղաղ լուծմանը, որը ենթադրում է փոխզիջումներ: Եվ թեպետ ՆԱՏՕ-ն այս հակամարտությամբ չի զբաղվում, կառույցում մեծ ուշադրություն է դարձվում հակամարտության հաղթահարմանը եւ տարածաշրջանային խնդիրներին. արդեն նշանակվել է կապի նոր սպա` նա եւս իր ներդրումը կունենա տարածաշրջանի երեք երկրների հետ համագործակցության զարգացման գործում: Պարոն Սիմոնսը հետագա` թե Երեւանում, թե Բրյուսելում, հանդիպումների ու քննարկումների անհրաժեշտությունը նշելով` կարեւորեց Ազգային ժողովի հետ համագործակցության խորացումը: