Հայկական զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հնարավորություններն ընդլայնվել են: Այս մասին ՊՆ վարչական համալիրում նոյմեբերի 25-ին տեղի ունեցած պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում զեկուցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ լրացուցիչ կահավորվել են ԶՈՒ մարտական հենակետերը, ժամանակակից պատերազմների բնույթին և հակառակորդի կարողություններին համապատասխան հայկական զինուժը սպառազինվել է ռազմատեխնիկական նոր միջոցներով, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերին հատկացվել են տեսադիտարկման համակարգեր ու սարքեր, գիշերային նշանոցներ:
Ընդհանուր առմամբ, վերլուծելով պլանի և ծրագրի կատարման ընթացքը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշել է, որ իրականացվող միջոցառումները նպատակաուղղված են զինված ուժերի մարտունակության առավել բարձրացմանը, առաջադրված խնդիրների արդյունավետ կատարմանը:
ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կոլեգիայի նիստը նվիրված է եղել զորային կառույցի կենսագործունեությանը, ինչպես նաև զինված ուժերի զարգացման պլանին, ՀՀ սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման ընթացքին:
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցել են նաև ԼՂՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Ամփոփելով Կոլեգիայի նիստի աշխատանքները` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ կարևորել է քննարկված հարցերի արդիականությունը, խնդիրներ է առաջադրել հետագա անելիքների և սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման վերաբերյալ։





