2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով առաջին նիստը նշանակվել է 2016-ի դեկտեմբերի 2-ին: Այս մասին տեղեկատվությունը հասանելի է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում:
Գործը մակագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանին:
Գործով անցնում է 20 անձ, որպես զինված խմբի ղեկավար ներկայացվում է Արթուր Վարդանյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, նա ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Գործով անցնում են նաև «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Պաշտպաններն առաջադրված մեղադրանքներն անհիմն են համարում:





