AM
28 Նոյեմբեր 2016 - 08:25 AMT

Հալեպահայ հրապարակախոս. Կառավարական զորքերի առաջխաղացումը հույս է տալիս հայերին

Հալեպահայերն ընկճված են, սակայն վերջին երեք օրերին կառավարական զորքերի արձանագրած առաջխաղացումը դեպի քաղաքի արևելյան թաղամասեր հույս ու լավատեսություն է ներշնչել, հայտնել է Հալեպում բնակվող հրապարակախոս Մանուել Քեշիշյանը (Մանուէլ Քեշիշեան):

«Երեկ երեկոյան անձամբ եմ տեսել բազմաթիվ ավտոբուսներ, որոնք քրդական թաղամաս Շեյխ Մագսուտիից տեղափոխում էին արևելյան թաղամասերից փախուստի դիմած կանանց, երեխաների, ծերունիների»,- ասել է նա, մեջբերում է ՍիվիլՆեթը:

Քեշիշյանը նշել է, որ մեկ շաբաթ է՝ Հալեպի հայկական թաղամասերում ինքնաշեն տիպի «ռումբ-հրթիռների անձրև էր տեղում», հայկական դպրոցների մի մասը փակ էր․ «Բարեբախտաբար հայերի վնասները միայն նյութական էին, թեև մի շաբաթ առաջ մեր շրջանի հեռու թաղամասերից դպրոցի վրա արձակված հրթիռից տասնյակ աշակերտներ սպանվեցին և վիրավորվեցին»:

Նոյեմբերի 26-ին հայտնի է դարձել, որ Հալեպի հայկական երկու՝ Նոր Գյուղ ու Սուլեյմանիե թաղամասերի վրա հրթիռներ են ընկել: Հրթիռներ են ընկել նաև Հայ կաթողիկե «Զվարնթոց» եկեղեցու շրջանում: Երկու հրթիռը, բարեբախտաբար, չեն պայթել: Նոր Գյուղ թաղամասում զոհվել է մեկ, վիրավորվել չորս մարդ: Նշվում է, որ Հալեպի բոլոր ծայրամասերում թեժ մարտեր են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ռազմական փորձագետներն ապացուցել են՝ սիրիացի գրոհայինները մարտական թունավոր նյութ` իպրիտ են կիրառել Հալեպ գավառում խաղաղ բնակչության դեմ: Իպրիտը կիրառվել է սեպտեմբերին Մարատ Ում Հաուշ բնակավայրի մոտ: Այդ մասին հայտնել են ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության փորձագետները, հայտնում է «Ինտերֆաքսը»: