AM
30 Նոյեմբեր 2016 - 07:44 AMT

Absolut Yerevan մրցույթի 1-ին փուլն ավարտվել է. 1272 լուսանկարից ընտրվել է 812-ը

Absolut-ի ու PAN Photo գործակալության նախաձեռնած՝ Երևանին նվիրված Absolut Yerevan լուսանկարչական մրցույթի առաջին փուլն ավարտվել է: Լուսանկարներն անհրաժեշտ էր ուղարկել հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 600 օգտատեր, որոնց ուղարկած լուսանկարների ընդհանուր թիվը հասել է 1272-ի: Մրցույթին մասնակցության համար ընտրվել է 812 լուսանկար. մյուսները չեն ընդգրկվել մրցույթի այս կամ այն պայմանին չհամապատասխանելու պատճառով: Կանոններին համապատասխանող բոլոր լուսանկարները հրապարակվել են Absolut-ի ֆեյսբուքյան էջում:

Մրցույթին մասնակցության պարտադիր պայմաններից մեկն այն էր, որ լուսանկարներն արված լինեն 2016թ. ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ: Լուսանկարները պետք է որևէ կերպ նկարագրեին Երևանը և փոխանցեին քաղաքի հանդեպ հեղինակի զգացմունքները: Հեղինակների ուշադրության կենտրոնում էին քաղաքային տեսարաններ, շինություններ, կառույցներ, հուշարձաններ և փողոցներ, մի խոսքով՝ Երևանի տարբեր հատվածներ:

Հաջորդ փուլում միջազգային մրցութային ժյուրին կընտրի ու կհրապարակի մրցույթի եզրափակիչ փուլ անցած լուսանկարների ցանկը, որոնցից էլ հետագայում կընտրվի 3 գլխավոր մրցանակակիր: Հաղթողների անունները կհրապարակվեն 2016-ի դեկտեմբերի 17-ին: Վերջիններս կստանան խոշոր դրամական պարգևներ. առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 1.000.000 դրամ, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ 300.000 և 100.000 դրամ համապատասխանաբար:

Միջազգային հեղինակավոր ժյուրիի կազմում են Associated Press գործակալության լուսանկարիչ, Պուլիցերյան կրկնակի մրցանակակիր, World Press Photo մրցանակակիր Ալեքսանդր Զեմլյանիչենկոն, լուսանկարիչ, TRANSIT լուսանկարչական միության համահիմնադիր Նանդա Գոնզագը, ինչպես նաև վիզուալ արվեստագետ, «Marco Pesaresi 2015» մրցանակակիր Ժուլիեն Լոմբարդին:

Միջազգային ժյուրիի կողմից ընտրված 3 հաղթողից բացի Absolut-ն առանձին մրցանակ է սահմանել ֆեյսբուքյան քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած լուսանկարի հեղինակի համար: Քվեարկությունը կմեկնարկի դեկտեմբերի 1-ից՝ Absolut-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված հատուկ հավելվածի միջոցով, և կավարտվի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 23:59-ին: