AM
30 Նոյեմբեր 2016 - 10:03 AMT

«Նեզավիսիմայա գազետա». ՀՀ-ն կարող է մարդասիրական և խաղաղապահ գործունեություն իրականացնել Սիրիայում

Հալեպի հյուսիս-արևելյան շրջանների ազատագրումը վկայում է Ռուսաստանի գլխավորությամբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից մարտնչող կոալիցիոն ուժերի ավելացող հզորության մասին: Այս մասին հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»՝ նշելով, որ եթե հարձակման տեմպը պահպանվի, շատ շուտով Հալեպը կազատագրվի ահաբեկչական ուժերի իշխանությունից: Սա էլ, ըստ աղբյուրի, նշանակում է, որ շուտով Սիրիայի քաղաքացիական պատերազմում բեկումնային պահ կլինի և չի բացառվում, որ հաշտության գործընթացին «կապույտ սաղավարտների» կարգավիճակով կլծվեն նաև Ռուսաստանի և Սիրիայի դաշնակից մի շարք այլ երկրների զինված ուժերը:

Հղում անելով սեփական ռուսական ռազմա-դիվանագիտական աղբյուրներին, պարբերականը հայտնում է, որ նման դաշնակիցների թվում են Իրանը, Եգիպտոսը, Չինաստանը, Սերբիան նաև ԱՊՀ մի քանի երկիր՝ առաջին հերթին՝ Հայաստանն ու Ադրբեջանը:

Աղբյուրը հաղորդում է, որ Մոսկվայի մտահաղացման համաձայն, ԻՊ հիմնական ուժերի ոչնչացումից հետո երթադրվում է Ռուսաստանի և դրա դաշնակիցների ակտիվ մասնակցությունը Սիրիայում մարդասիրական խնդրների լուծման (սակրավորական աշխատանքներ, հակամարտող կողմերի միջև միջնորդության կազմակերպում և այլն) և խաղաղապահ գործունեության իրականացման հարցերում:

Հայտնի է, որ Հայաստանն ու Սերբիան արդեն իսկ մարդասիրական օգնություն են տրամադրում Սիրիային: Իսկ ՌԴ պաշտպանության նախարարությունն առաջարկել է Ադրբեջանին մասնակցել սակրավորական աշխատանքներին, սակայն Բաքուն դեռ լռում է:

Սիրիայի կառավարական զորքերը և աշխարհազորի մարտիկները դուրս են մղել ահաբեկիչներին Հալեպի երկու թաղամասից` հսկողություն հաստատելով քաղաքի հյուսիս-արևելքում: Բանակին ու աշխարհազորայիններին հաջողվել է հսկողություն հաստատել Շեյխ Խոդր և Շեյխ Ֆարես թաղամասերում: Մարտերը Շեյխ Խոդրում և Շեյխ Ֆարեսում շարունակվել են մոտ 24 ժամ, այժմ ազատագրված թաղամասերում աշխատում են սակրավորները: Բանակի և աշխարհազորի առաջատար ջոկատները շարունակում են խորանալ դեպի Հալեպի արևելյան թաղամասերը միանգամից մի քանի կողմից:

Սիրիայի բանակը ոչնչացրել է «Ջեբհաթ ան Նուսրայի» և նրա դաշնակիցների գլխավոր հենակետերը Աս Սուքքարի և Բուստան ալ Բաշա թաղամասերում: Կառավարական զորքերի ձեռքն է անցել նաև Սուլեյման ալ Հալյաբի թաղամասը, որտեղ գտնվում է ջրամղիչ կայանը: Ըստ որոշ տվյալների, արդեն վերականգնվել է խմելու ջրի մատակարարումը Հալեպի որոշ շրջաններ: