AM
30 Նոյեմբեր 2016 - 10:54 AMT

Մարուքյան. ՀՀ-ում բոլորը պետք է զենք կրելու իրավունք ունենան (Հարցում)

ՀՀ-ում պետք է շատ վերահսկելի՝ զենք կրելու իրավունք ունենան բոլորը: Այս մասին նոյեմբերի 30-ին Ազգային ժողովում «ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ առաջարկելով, որ օրինագծում լինի այն դրույթը, որ պատգամավորն ու նրա ընտանիքը լինեն պետության պաշտպանության ներքո և պատգամավորի դիմումի հիման վրա պետությունը համապատասխան միջոցներ ձեռնարկի:

«Նորանկախ Հայաստանի 25-ամյա պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ որ ընդդիմադիր պատգամավորները բռնության են ենթարկվել, ծեծի են ենթարկվել սեփական շքամուտքի մոտ: Եվ Հայաստանում բոլորին հայտնի է, որ իշխանության պատգամավորները զինված են: Ընդ որում՝ օրինական զենքով: Ստացվում է, որ այս առումով անհավասարություն կա: Ես կարծում եմ, որ ՀՀ-ում պետք է շատ վերահսկելի՝ զենք կրելու իրավունք ունենան բոլորը: Եվ նաև այս խնդիրն ունենք սահմանամերձ գյուղերում: Այս խնդիրը կա: Այս հնարավորությունն էլ կա բոլորին հավասարեցնելու»,- ասել է Մարուքյանը՝ շեշտելով, որ կամ պետք է ոչ մեկ զենք չունենա, կամ պետք է բոլորն ունենան այդ իրավունքը:

Պատգամավորը նշել է, որ իր առաջարկները պատրաստվում է ներկայացնել նաև գրավոր՝ համապատասխան հիմնավորումներով: Նա հավելել է, որ զենք կրելու առաջարկը վերաբերում է ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ անկախ եկամտից ու կարգավիճակից:

Էդմոն Մարուքյանը շեշտել է, որ ընդդիմադիր խորհրդարանականներն իրոք պաշտպանության կարիք ունեն:

«Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի ՀՀ 18 տարին լրացած քաղաքացին՝ լիցենզիա տալու լիազորությամբ օժտված ներքին գործերի համապատասխան մարմնից զենքի որոշակի տեսակ ձեռք բերելու համար լիցենզիա ստանալուց հետո: Քաղաքացին լիցենզիայի հիման վրա իրավունք ունի ձեռք բերել անփող հրազեն, գազային ատրճանակներ (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային զենք, որոնք երկշաբաթյա ժամկետում պետք է գրանցվեն ներքին գործերի համապատասխան մարմնում: Լիցենզիայում թույլատրվում է գրանցել վերը նշված զենքի տեսակներից ոչ ավելի, քան հինգ միավոր: Լիցենզիան տրվում է մինչև հինգ տարի ժամանակով և միաժամանակ համարվում է զենք պահելու և կրելու թույլտվություն, եթե նրանում կատարվել է համապատասխան նշում զենքի գրանցման վերաբերյալ: