AM
30 Նոյեմբեր 2016 - 12:19 AMT

Քաղաքապետարան. Պուշկինի վրա ծառը վնասել են անհայտ քաղաքացիներ, վերահսկողություն կսահմանվի

Երևանի Պուշկին 4 շենքի դիմաց անհայտ քաղաքացիների կողմից վնասվել է հացենի տեսակի ծառի կեղևը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության կողմից տրված հանձնարարության համաձայն «Կենտրոն–կանաչապատում» ՓԲԸ-ն իրականացրել է ծառի խնաքմի աշխատանքներ, հետագայում ցրտահարումները կանխելու և կենսունակությունը պահպանելու համար, PanARMENIAN.Net-ին տեղեկացրեց քաղաքապետարանը։

Կատարված տեղազննության հիման վրա նաև պարզվել է, որ ծառի աճին վնասող նյութ արմատներին չի լցվել։

Հաշվի առնելով տվյալ միջադեպը, հանձնարարվել է նաև «Կենտրոն–կանաչապատում» ՓԲԸ-ին խիստ վերահսկողություն սահմանել նշված տարածքի նկատմամբ։

Քաղաքապետարանից տեղեկացրեցին նաև, որ Ազատության պողոտայի Լամբադա կամուրջի հարևանությամբ սոսիների ծառաշարքից ամբողջությամբ չորացել էին թվով 5 հատ սոսի։ Ծառաշարքի գեղագիտական տեսքը վերականգնելու համար, հատվել են չոր ծառերը, որոնք փոխարինվել են 5 հատ ակացիայով։

Արաբկիր վարչական շրջանի կողմից նորատունկ ծառերի շուրջ տեղադրվել են պաշտպանիչ մետաղական ճաղեր։

Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետե ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Պուշկինի 4 հասցեում կտրել են ծառի բնի որոշ հատված: Սուրենյանը նաև համապատասխան լուսանկար էր տեղադրել: «Փորել են արմատների հողը և ինչ-որ բան լցրել, որպեսի դիտմամբ չորացնեն ծառը: Հրավիրում ենք համապատասխան մարմինների ուշադրությունը», – գրել էր նա:

Ֆեյսբուքի օգտատերերը նաև անհանգստություն էին հայտնում Ազատության պողոտայում ծառահատումների վերաբերյալ: