ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները սոցցանցերում տեղադրված և ՀՀ բնապահպանության նախարարության «Թեժ գծով» հնչած` Երևանի Պուշկինի 4 հասցեում վնասված ծառի վերաբերյալ ահազանգով եղել են այդ վայրում:
Տեղում ծանոթացել են իրավիճակին, ծառարմատի վրա լցված նյութից նմուշառում է արվել և հանձնվել բնապահպանական պետական տեսչության Կենտրոնական լաբորատորիա, որի ուսումնասիրությունից պարզվել է, որ ծառի (հացենի տեսակի, 60սմ տրամագծով) վնասված մասը պատված է եղել ծծմբական թթվի շաղախով, ինչը կարող է ազդել ծառի հետագա կենսունակության վրա:
Գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին:
Միաժամանակ,Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության կողմից տրված հանձնարարության համաձայն «Կենտրոն–կանաչապատում» ՓԲԸ-ն իրականացրել է ծառի խնաքմի աշխատանքներ, հետագայում ցրտահարումները կանխելու և կենսունակությունը պահպանելու համար, նոյեմբերի 30-ին PanARMENIAN.Net ին տեղեկացրեց քաղաքապետարանը։
Նաև տեղեկացվել էր, որ կատարված տեղազննության հիման վրա պարզվել է, որ ծառի աճին վնասող նյութ արմատներին չի լցվել։
Հաշվի առնելով տվյալ միջադեպը, քաղաքապետարանի կողմից հանձնարարվել է նաև «Կենտրոն–կանաչապատում» ՓԲԸ-ին խիստ վերահսկողություն սահմանել նշված տարածքի նկատմամբ։
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետե ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Պուշկինի 4 հասցեում կտրել են ծառի բնի որոշ հատված: Սուրենյանը նաև համապատասխան լուսանկար էր տեղադրել: «Փորել են արմատների հողը և ինչ-որ բան լցրել, որպեսի դիտմամբ չորացնեն ծառը: Հրավիրում ենք համապատասխան մարմինների ուշադրությունը», – գրել էր նա:
Ֆեյսբուքի օգտատերերը նաև անհանգստություն էին հայտնում Ազատության պողոտայում ծառահատումների վերաբերյալ:





