Վարչապետ Կարեն Կարապետյանը հյուրընկալել է քաղաքացի Սաթենիկ Թելֆեջյանին, ով ցանկություն է հայտնել Խարբերդ համայնքում եղբորից ժառանգություն ստացած 31,7 հա հողատարածքը նվիրաբերության կարգով փոխանցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատանը:
Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել տիկին Թէլֆեջյանին՝ նախաձեռնության համար. «Շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, Ձեր՝ անհանգիստ լինելու համար, ցանկանում եմ Ձեզ ամենայն բարիք»:
Իր հերթին, Թելֆեջյանը վարչապետին մաղթել է հաջողություններ՝ նշելով. «Ես իմ կյանքի վերջին օղակում եմ և ի սրտե ցանկանում եմ Ձեզ հաջողություններ, որ իմ հայրենիքը շատ մեծ մակարդակի հասնի, մեծ հույս ունեմ»:
Այնուհետև Սաթենիկ Թելֆեջյանը և «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Բալասանյանը ստորագրել են հողատարածքը նվիրաբերելու փաստաթուղթը՝ նոտարի հաստատմամբ:
Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատունը գործում է 1950թ-ից: Ներկայումս մանկատանը ապրում է 238 երեխաներ, իսկ աշխատողների քանակը 194-ն է:
2010-ին բացվեց Խարբերդի մասանգիտացված մանկատան նոր մասնաշենքը, որի շինարարությունը սկսվել էր 2007-ին`պետբյուջեից հատկացված 600 մլն դրամով:
Չլուծված խնդիրներից են 18 տարին լրացած երեխաների ապագայի անորոշությունը, մանկատան նյութատեխնիկական բազայի համալրումը, շենքի և տարածքի հարմարեցումը հաշմանդամ երեխաների կարիքներին, աշխատողների, մասնագետների հաճախակի վերապատրաստման անհրաժեշտությունը, երեխաների բիոլոգիական ընտանիքների, հարազատների հետ սերտ համագործակցություն ստեղծելու դժվարությունը, հասարակության հանդուրժողականության ցածր մակարդակը և այլն:





