AM
12 Դեկտեմբեր 2016 - 09:01 AMT

Նաիրիտցիները փակել են Բագրատունյացը. Աշխատավարձն են պահանջում

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները փակել են Բագրատունյաց պողոտան, գործարանի դիմաց հավաքվածներին չի գոհացրել ղեկավարության այն պատասխանը, որ պետք է ստանան մեկ ամսվա աշխատավարձ։

Աշխատակիցները նշում են, որ գործարանն իրենց 5 ամսվա աշխատավարձ է պարտք։

Ոստիկանության աշխատակիցները հորդորել են նաիրիտցիներին բացել ճանապարհը, սակայն նրանք չեն համաձայնվել: Ցույցի վայր Ժամանել են ոստիկանության նոր զորքեր։ Վերջիններս արգելել են մեքենաների մուտքը Գործարանային կայարանի մոտից դեպի «Նաիրիտ», հայտնում է Ա1+-ը։

Նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Չիչոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել սնանկ ճանաչել «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ն: «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ն դեռևս 2015-ին տարի դիմել էր դատարան՝ «Նաիրիտը» սնանկ ճանաչելու պահանջով:

«Նաիրիտ» գործարանի աշխատողի աշխատավարձի պարտքն օգոստոսի 4-ի դրությամբ ամբողջությամբ մարվել էր: Մոտ 2400 աշխատողի պարտքը կազմում էր 5 մլրդ 310 մլն դրամ, որը կուտակվել էր վերջին 4 տարվա ընթացքում: Գործարանի աշխատակիցները մոտ 8 ամիս պայքարում էին՝ ցույցեր անցկացնելով կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ, փողոցներ փակելով:

Կարդացեք նաև՝ Նաիրիտցիները պահանջում են գործարանի վերագործարկման հարցը բարձրացնել ԱԺ-ում