2016 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ն իրականացրել է հանրապետությունում ծնելիության վրա սոցիալ-տնտեսական գործոնների ազդեցությունների գնահատմանն ու բնակարանային պահանջարկի բացահայտմանն ուղղված հետազոտություններ:
Դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը նշել է, որ այս հետազոտությունների նպատակն է հիմնականում ուսումնասիրել հանրապետության իրավիճակը, վերհանել խնդիրները, ազդող գործոններն ու ներկայացնել առաջարկություններ՝ հետագա քաղաքականության մշակման համար, գրում է Panorama.am-ը:
Նրա խոսքով՝ ծնելիության վրա ազդող գործոններից առաջինը երկրում տնտեսական աճն է ու մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը:
«Ազդող գործոններից են ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, կրթական մակարդակը, մեկ շնչին բաժին ընկնող բնակմակերեսի 9 քառ. մետրից պակաս լինելը, կացարանի տեսակը, ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխայի կամ ուսանողի առկայությունը, կացարանի սեփականություն հանդիսանալը, գործազրկությունը»,-մանրամասնել է պաշտոնյան:
Նա նկատել է, որ կնոջ՝ 26 տարեկանում առաջին անգամ երեխա ունենալու գործոնը դեռևս ծնելության վրա էապես չի ազդել. «Մեծ կապ կա նաև ծնվածների թվի և թմրամոլությամբ ու ալկոհոլիզմով տառապող մարդկաց թվի միջև, սակայն մեր հանրապետությունում սա ևս բասացական ազդեցություն չի ունեցել, այս հիվանդությունների աճի տեմպերն այնքան բարձր չեն, որ էական ազդեցություն ունենան ծնելիության վրա»:
Արման Սարգսյանը հավելել է, որ ծնելիության հիմանխնդիրներն առավել խոցելի են հատկապես սահմանամերձ մարզերում. «Արդյունաբերությունն ու տնտեսական աճ ապահովող հիմնական ոլորտներն առավել զարգացած են Երևանում և մոտ մարզերում: Երևանում կենտրոնացված է նաև զբաղված բնակչությունը, այդ առումով էլ ծնելիության հարցն այստեղ այդքան խոցելի չէ, որքան հեռավոր մարզերում»:
Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2016-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին արձանագրված ժողովրդագրական պատկերը: Նշվում է, որ Հայաստանում նվազել են ծնելիության և մահացության ցուցանիշները: Ծնունդների թիվը տասը ամսվա ընթացքում կազմել է 29.914 և 2,3 տոկոսով նվազել է` նախորդ տարվա համեմատ, իսկ մահացության ցուցանիշը կազմել է 20.427 մարդ, նվազել է 2,5 տոկոսով:





