AM
30 Դեկտեմբեր 2016 - 08:39 AMT

ՄԻՊ-ը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հաձնակատարը ընդլայնում են գործակցութունը

2016-ի դեկտեմբերի 29-ին ՀՀ, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հաձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթն ստորագրել են 2017-ին նախատեսվող «Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում» խորագրով ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը:

Կողմերի միջև ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում:

Հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում Հայաստանի առջև ծառացած փախստականների ընդունման հետ կապված զգալի մարտահրավերները՝ այս ծրագիրը նպատակ ունի ընդլայնել ՄԱԿ ՓԳՀ-ի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև առավել վաղ հաստատված համագործակցությունը Հայաստանում տեղահանված բնակչության պաշտպանության հարցում:

Ծրագրով կարևորվում է Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի դերը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների՝ այլ նաև Հայաստանում պաշտպանություն հայցող տեղահանված բնակչության պաշտպանության հարցում:

Համագործակցությունը, մասնավորապես, կիրականացվի հետևյալ ոլորտներում՝ ա) Հայաստանում ազատությունից զրկման վայրերում գտվող փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության իրավիճակի ուսումնասիրություն, բ) Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում, գ) Պաշտպանի արտահերթ զեկույցի հրապարակում: