ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, իրականացրած վերահսկողական գործողությունների շրջանակներում, հացի արտադրության ոլորտում հայտնաբերած համակարգային խնդիրների, թեժ գծով սպառողներից ստացած բողոքների, ինչպես նաև առկա ռիսկերի վերլուծության հիման վրա միջոցառումներ է սկսել հացի շուկայում:
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ վերահսկողական գործողություններն ընդգրկելու են հացի շուկայի բոլոր օպերատորներին և կրելու են շարունակական բնույթ՝ սննդամթերքի անվտանգության պահանջները չբավարարող հացի իրացումը շուկայում բացառելու նպատակով: Վերահսկողության արդյունքներով՝ ՍԱՊԾ-ն առաջիկայում լրացուցիչ քայլեր կձեռնարկի հացի շուկայում անվտանգության ապահովման մակարդակը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես՝ առաջնահերթ կարգով ներդնելով հաց տեղափոխող տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի համակարգը:
Այս փուլում ծառայությունը վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքում և մարզերում հաց արտադրող 24 տնտեսավարող սուբյեկտի մոտ և ամփոփել գործողությունների արդյունքները: Արդյունքում՝ արտադրողների մեծ մասի մոտ արձանագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ ինչպես հիգիենայի նորմերին, այնպես էլ սննդամթերքի մակնշմանը, արտադրության կազմակերպմանը, տեղափոխմանը և փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ:
Հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ աշխատակիցները չեն անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն:
Պետական վերահսկողության արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա կասեցվել է 21 տնտեսավարող սուբյեկտի արտադրական գործընթացը:
«Հայր և որդի Միհրանյաններ» ՍՊԸ գործունեության ստուգման ընթացքը կասեցվել է մինչև մայիսի 8-ը՝ հաշվի առնելով վերանորոգման փուլում գտնվելու վերաբերյալ տնտեսավարողի դիմումը:
Հայտնաբերված թերությունների վերացման նպատակով՝ տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել են ժամկետներ, միաժամանակ՝ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ արտադրական գործընթացը ճիշտ կազմակերպելու նպատակով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արտադրողներին կոչ է անում արտադրական գործընթացը կազմակերպել՝ ներդնելով «Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը» (HACCP), ինչը հնարավորություն կընձեռի արտադրության յուրաքանչյուր փուլում ունենալ սննդամթերքի անվտանգությունն ապահովող կանխարգելիչ կառավարման համակարգ և էականորեն նվազեցնել առկա ռիսկերը. սա առաջին հերթին բխում է հենց տնտեսավարողների շահերից: Համաձայն ՀՀ կառավարության 2015 թ. հուլիսի 23-ի 827-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի՝ հաց և խմորեղեն արտադրողները պարտավոր են ներդնել HACCP համակարգեր՝ սկսած 2018 թվականից:
Կարդացեք նաև՝ՍԱՊԾ-ն կայցելի հացի, մսի, զովացուցիչների շուկաներ և ջերմոցներ





