AM
30 Հունվար 2017 - 08:19 AMT

Վարչապետ․ Պետք է հստակ ձևակերպենք՝ ինչը պետք է լինի ոչ պետական

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հունվարի 28-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

Վարչապետը նշել է, որ աշխատանքները պետք է կառուցվեն ընթացակարգերի, յուրաքանչյուր գերատեսչության մասով ակնկալվող ներդրումների, կատարողականների կարգապահության, ժամկետների, ինչպես նաև պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի ու հանրության հետ հետադարձ կապի ապահովման հարցերի շուրջ:

Կառավարությունից հայտնում են, որ պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա բոլոր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր, որն արդեն ուղարկվել է կառավարություն և վերջնական քննարկումից հետո կներկայացվի Ազգային ժողով: Կարեն Կարապետյանը հանձնարարել է Պետգույքի վարչության պետին՝ արագ ավարտին հասցնել աշխատանքները և պատրաստել ամբողջ փաթեթը՝ ընդգծելով.

«Պետք է հստակ ձևակերպենք՝ ինչը պետք է լինի ոչ պետական: Մենք լիքը գույք ունենք, որտեղ տնօրենը տարեցտարի վատ թվեր է բերում, ո´չ տնօրեն ենք հանում, ո´չ էլ որոշակի քայլեր կատարում», – ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է կասեցնել պետական այն կառավարիչների գործունեությունը, որոնք արդյունավետ չեն աշխատում:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև պետական գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներին: Կարեն Կարապետյանը կարևորել է հետադարձ կապի շարունակական ապահովումը և հանձնարարել է պետական գերատեսչությունների ղեկավարներին՝ յուրաքանչյուրն իր ոլորտում մշակել հանրային իրազեկման ռազմավարություն և դրա իրագործման կոնկրետ քայլեր: