AM
31 Հունվար 2017 - 07:44 AMT

ՀԱԿ-ը համաձայն է՝ ընտրատեղամասերում տեսախցիկներ կտեղադրվեն

Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հարցով Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը տվել է համաձայնությունը 765-ից ավելի ընտրող ունեցող 1500 ընտրատեղամասերում տեսախցիկներ դնելու մասին միջկուսակցական հանձնաժողովում քննարկված առաջարկին։ Այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովի դաշնակցական անդամ Համլետ Աբրահամյանը, գրում է Panorama.am-ը։

Հունվարի 30-ին հանձնաժողովի նիստում ՀԱԿ-ը համաձաւյնություն չէր տվել և ասել էր, որ վերջնական պատասխան կտան քննարկելուց հետո։

«Երեկ գիշերը ՀԱԿ ներկայացուցիչը տվել է համաձայնությունը հանձնաժողովում քննարկված առաջարկի վերաբերյալ, և առաջիկա օրերին կստորագրվի համապատասախան պայմանագիրը», -ասել է Աբրահամյանը՝ ընդգծելով, որ դեռ փաստաթղթային որոշ խնդիրներ կան լուծելու։

Ավելի վաղ նույն հանձնաժողովը որոշել էր, որ տեսախցիկներ կտեղադրվեն ոչ թե գոյություն ունեցող 2000 ընտրատեղամասում, այլ՝ 1500-ում։ Տեսախցիկների գնման մրցույթում հաղթած «Ի Այ Սի Տելեկոմ» ընկերությանը տեսախցիկների տեղադրման համար հատկացվելու է 2 մլն 332 հազար եվրո, որից 2 մլն եվրոն՝ Եվրոպական Միության կողմից, իսկ մնացածը՝ պետության։

1500 տեղամասում տեղադրվելու է 1-ական տեսախցիկ, մինչդեռ նախկինում քննարկվում էր 2 տեսախցիկ տեղադրելու հարցը։