Սեպտեմբերի 3-ին Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական Միության եւ ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության (ՆՀՔ) անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Միասին աշխատելով` հզորացնենք Նոր հարեւանության քաղաքականությունը» նշանաբանի ներքո անցկացվող hամաժողովին Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Իր ելույթում արտգործնախարարը պատմական ակնարկ կատարելով Եվրամիության ստեղծման տարիների վերաբերյալ, նշեց, որ վերջինիս հիմնադիրները երազում էին խաղաղություն եւ բարօրություն դեռ այն ժամանակ, երբ երկուսն էլ անհասանելի էին թվում: Այսօր երկուսն էլ երաշխավորված իրողություններ են եվրոպացիների համար, ովքեր սկսել են մարդկային արարածների միջեւ կապել կամուրջներ, որոնք տարանցում են հնօրյա սահմանագծերը եւ ինստիտուցիոնալ նորահայտ կերպարանք են, որն այս Միությունն է:
Խաղաղությունն ու բարեկեցությունը շարունակում են մնալ Միության եւ աշխարհի օրակարգում` իբրեւ առավել բախտորոշ կռվաններ: Թե այս հիմնախնդիրները եւ թե նրանց լուծումները անհրաժեշտաբար վերսահմանային են: Միեւնույն ժամանակ, մինչ հեռավորությունները շարունակում են սեղմվել, մինչ ազգային եւ տեղական գործերը միջազգային հնչեղություն ու ներազդեցություն են ձեռք բերում, Միությունը, հանուն սեփական եւ մեր շահերի, պատմական որոշում կայացրեց ներգրավվելու իր հարեւաններին` կիսելու իր արժեքները, կրկնօրինակելու իր տնտեսական հաջողությունները եւ ներդաշնակվելու իր ժողովրդավարական չափորոշիչներին»,-հայտարարել է Վ.Օսկանյանը:
Նախարարը նշեց, որ ողջունելով այս նախաձեռնությունը` «մենք ձեռնամուխ եղանք Եվրոպական հարեւանության քաղաքականությանը: Գործողությունների ծրագրերը նախապատրաստելիս մենք վերլուծեցինք, գնահատեցինք եւ հանրագումարի բերեցինք մեր ձեռքբերումներն ու կարիքները: Արդեն իսկ առաջին տարվա ընթացքում ԳԾ մեզ հնարավորություն ընձեռեց եւ ուղեցույց հանդիսացավ առավել ակտիվ կերպով շարունակել քաղաքական, տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումները»: «Տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ ԳԾ-ներում ընդգրկված դրույթները պարունակում են կարգավորման մի ընդհանուր տեսլական: Այն ունի ինտեգրացիոն կոնտեքստ, որ նորովի հայացքով է նայում կարգավորման գործընթացին: Տնտեսական բազմաբնույթ եւ տարամակարդակ ինտեգրման հնարավորություններ է ընձեռում մեր օրենսդրության, իրավական նորմերի եւ չափորոշիչների ուղղորդված եւ արագացված համապատասխանեցումը ԵՄ-ի չափանիշներին: Շուտով մենք կսկսենք բաժնեմասեր ունենալ եվրոպական շուկաներում, իսկ Եվրոպան` մեր շուկայում: Սա է տարբերությունը ENP-ի եւ այն ամենի միջեւ, ինչ մենք արել ենք ԵՄ-ի հետ անցումային շրջանի ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում», – առանձնացրեց նախարարը: «ENP-ի շրջանակում ինտեգրացիոն բաղադրիչներն ավելի մեծ են, ուստի մեր հարաբերություններն այսօր որակապես տարբեր են: նոր ֆինանսական ռեսուրսները, խորացված տնտեսական ինտեգրումը, կրթական հնարավորությունները եւ վիզաների տրամադրման դյուրացումը նոր հնարավորություններ կբացեն առաջընթացի համար»:





