2016-ին 2015-ի համեմատ Հայաստանում գրանցված ծնունդների թիվը նվազել է 2.7 տոկոսով: 2016-ի հունվար-դեկտեմբերի ընթացքում հանրապետությունում գրանցվել է 40.638 կենդանի ծնունդ: 2015-ի համեմատ գրեթե 14 տոկոսով նվազել են մեռելածնության դեպքերը:
Փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը նման թվեր է ներկայացրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«Նախնական ցուցանիշներով, աղջիկ-տղա հարաբերակցությունը կազմել է 112 տղա/100 աղջկա հաշվով: Նախորդ տարիներին տղաների ցուցանիշը 113 էր, մի փոքր փոփոխություն կա»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը:
Ծառայության ներկայացուցչի տվյալների համաձայն, 2015-ի համեմատ 2016-ին 0.9 տոկոսով ավելացել են մահվան դեպքերը:
«Բնական հավելաճը կազմել է 12.509, այսինքն՝ այսքանով ավելի շատ ծնունդներ են գրանցվել, քան մահվան դեպքեր»,-ասել էբանախոսը:
Ծնելիության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում, ամենացածր ցուցանիշը՝ Սյունիքում, Տավուշում:
Մահացության առավել բարձր ցուցանիշներ գրանցվել են Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում, առավել ցածր ցուցանիշ՝ Գեղարքունիքում:





