AM
2 Փետրվար 2017 - 06:39 AMT

Հայաստանի ազգային դեղամատյանը կհրապարակվի ԱՆ կայքում

ՀՀ-ում վաճառվող հիմնական դեղերի մասին տեղեկություն ընդգրկող տեղեկատուն` ազգային դեղամատյանը, ամենայն հավանականությամբ, շուտով հասանելի կլինի բոլորին և կտեղադրվի առողջապահության նախարարության կայքում: Հարցը ներառված է Գործադիրի փետրվարի 2-ի նիստի օրակարգում:

Ազգային դեղամատյանը տեղեկատու է, որը հրապարակվում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` երկու տարին մեկ անգամ` հրապարակման տարվա հունիս ամսին:

Ազգային դեղամատյանը, ըստ միջազգային չափանիշների, պարունակում է ժամանակակից, սպառիչ, լիարժեք, օբյեկտիվ, ապացույցների վրա հիմնված տեղեկատվություն յուրաքանչյուր դեղի հիմնական հատկությունների վերաբերյալ, ներառյալ` անատոմիական-բուժական-քիմիական ծածկագիրը, դեղի ակտիվ և օժանդակ նյութերի բաղադրակազմը, կիրառման ցուցումները, հակացուցումները, նախազգուշացումները, դեղաչափումը, այդ թվում` տարբեր տարիքային խմբերում և հատուկ խմբերի պացիենտների մոտ, կողմնակի ազդեցությունները, դեղի փոխազդեցություններն այլ դեղերի և սննդի հետ, կիրառումը հղիության և կրծքով կերակրելու ժամանակաշրջանում, երեխաների ու ծերերի մոտ, ինչպես նաև դեղի պահման և ոչնչացման պայմանները:

Նախագծում նշվում է, որ ազգային դեղամատյանի հրապարակումը կլինի էլեկտրոնային եղանակով և գիրք-տեղեկատուի տեսքով առողջապահության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում: