AM
9 Փետրվար 2017 - 07:05 AMT

ՀՀ ՄԻՊ-ը Բրյուսելում ներկայացրել է ադրբեջանցիների դաժանության մասին Արցախի ՄԻՊ-ի զեկույցները

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 8-ին հանդիպել է մոտ 30 միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչների հետ:

ՀՀ ՄԻՊ գրասենյակից հաղորդում են, որ այսպիսի ֆորմատով հանդիպումն ուներ աննախադեպ բնույթ: Այն կազմակերպվել էր Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության աջակցությամբ:

Քննարկմանը Թաթոյանը նեկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի կարգավորումներ: Հատուկ ընգծվել է, որ նոր օրենքը նաև նպատակ ունի բարձրացնելու Հայաստանում օմբուդսմանի հաստատության ինստիտուցիոնալ դերը երկրի իրավական համակարգում: Դրանից բացի, քննարկվել է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև՝ ՄԻՊ աշխատանքն այդ ոլորտում: Արման Թաթոյանի կողմից կարևորվել է աշխատանքը հասարակական կազմակերությունների և լրագրողների հետ: Մասնավորապես, քննարկվել է ՀԿ-ների հետ աշխատանքի նոր սկզբունքները, որ դրված են օրենքում:

Մանրամասն քննարկվել են նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությանն ու դեպի Արցախ այցերին վերաբերող հարցեր: Թաթոյանը ներկայացրել է Արցախի օմբուդսմանի զեկույցները, դրանցում տեղ գտած՝ դաժանությունների վերաբերյալ փաստերը: Մասնավորապես, մասնակիցների մեկը հարցրել է Թաթոյանի կարծիքը այսպես կոչված Բաքվի պլատֆորմի մասին: Դրան Արման Թաթոյանի կողմից պատասխան է տրվել, որ այն իրական չէ և չի կարող ընդունելի լինել, երբ ապրիլյան պատերազմն ակնհայտորեն ցույց տվեց, որ դաժան սպանությունները կապված էին միայն այն փաստի հետ, որ մարդիկ հայ են: Ադրբեջանում այնքան մեծ է ատելության մակարդակը հայերի նկատմամբ, որ չի կարող լինել իրական պլատֆորմ, այն էլ հենցԲաքվում: Այսպիսի դիրքորոշումը հիմնավորվել է կոնկրետ օրինակներով Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից:

Մյուս հարցին ի պատասխան Արման Թաթոյանն ընդգծել է նաև, որ պատրաստ է Հայաստանի վերաբերող հարցերի հետ կապված հանդիպել, բայց սկզբունքային դիրքորոշում է այն, որ Արցախին առնչվող հարցերով քննարկումների պետք է բացառապես մասնակցի Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը, քանի որ մարդու իրավունքների հետ կապված հարցերը որևէ կապ չունեն քաղաքականության հետ: Դրանից բացի, Թաթոյանը կարևորել է լրագրողների աշխատանքն Արցախում և նշել, որ հիմա էլ ավելի պետք է ակտիվացնել աշխատանքը, որպեսզի ակտիվանան այցերն Արցախ: Եվս մեկ անգամ կարևորվել այն սկզբունքը, որ մարդու իրավունքները սահմաններ չեն ճանաչում և Արցախի քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտները պետք է ներգրավված լինեն բոլոր միջազգային հանդիպումներում:

Մասնակիցները բարձր են գնահատել քննարկումը Մարդու իրավունքների պաշտպանի հետ, նրա ակտիվ աշխատանքը թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային մակարդակի հանդիպումներին և պատրաստակամություն հայտնել գործակցել առանձին ուղղություններով և շարունակել նամանատիպ քննարկումները: