Բենզինի որակով մտահոգ ՀՀ 10 քաղաքացի գնել է օկտանային թիվը որոշող սարք ու չափել այն Երևանի մի քանի բենզալցակայաններում։ Նրանցից մեկը՝ մասնագիտությամբ ծրագրավորող Գրիգոր Պետրոսյանը, PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ներկայացրեց իրենց ուսումնասիրության դրդապատճառներն ու մանրամասները:
«Քանի որ դեռ չկա բենզալցակայաններում բենզինի որակի վերահսկողության կայացած/վստահելի համակարգ, մենք ընկերներով գնել ենք բենզինի օկտանային թիվը որոշող սարք և սեփական հետազոտությունն իրականացրել: Փորձ ենք արել՝ պարզելու՝ մեզ ինչքանով են որակյալ բենզին վաճառում, ու կա արդյոք անհրաժեշտ վերահսկողություն: Նաև՝ ընկերներով որոշենք, թե այսուհետ որ բենզալցակայաններից պետք է օգտվել, իսկ որոնցից՝ ոչ: Սա, իհարկե, հեռու է լաբորատոր պայմաններում կատարված փորձարկումներից, բայց մեզ օգնեց կողմնորոշվել բենզալցակայանների ընտրության հարցում»,- նշեց Պետրոսյանը՝ մանրամասնելով, որ սարքն արժե մոտ 43.000 դրամ, և այն գնել են Ռուսաստանից:
Օկտանային թիվը ցույց է տալիս բենզինի ճայթյունակայունությունը` արտահայտված էտալոնային սանդղակի միավորներով: Ճայթյունակայունությունը բենզինի ֆիզիկաքիմիական հատկությունն է, որը որոշում է առանց պայթյունի բենզինի այրման ունակությունը կայծային վառման շարժիչներում:

Հարցին՝ արդյոք իրենց անցկացրած ուսումնասիրության արդյունքները պատրաստվում են ներկայացնել որակի վերահսկման մարմիններին, թե ոչ, Պետրոսյանը պատասխանեց. «Ոչ, քանի որ սրանք ճշգրիտ արդյունքներ չեն՝ հիմնված լաբորատոր փորձաքննության վրա։ Սարքը, որը գնել ենք ընկերներով, ունի որոշակի սխալանք, որը իրականում շատ չի տարբերվում լաբորատոր պայմաններից կատարված հետազոտություններից և պարզապես հնարավորություն է տալիս օգտագործողի մակարդակով պատկերացում կազմել»:





