AM
9 Փետրվար 2017 - 09:45 AMT

ԱՆ. Քրհիմնարկներում տեսակցությունների տրամադրման անհարկի ձգձգումը կբացառվի

ՀՀ քրհիմնարկներում քրեակատարողական պետի տեղակալն այսուհետ ևս հնարավորություն կունենա տեսակցություն տրամադրել կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ հանդիպելու ցանկություն ունեցող պաշտպանին կամ մերձավոր ազգականին:

ՀՀ կառավարության փետրվարի 9-ի նիստում այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Գործող կարգավորմամբ կալանավորված անձանց և դատապարտյալներին տեսակցության եկած անձանց թույլտվություն տալու իրավասությունը պատկանում է քրեակատարողական հիմնարկի պետին և միայն նրա բացակայության դեպքում՝ տեղակալին:

«Սակայն գործնականում հաճախ, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, տեսակցության թույլտվություն տրամադրելու որոշումները քրեակատարողական հիմնարկի պետի կողմից հնարավոր չի լինում ընդունել սեղմ ժամկետներում: Արդյունքում տեսակցության եկած անձինք ստիպված են լինում տեսակցության թույլտվության համար սպասել որոշակի ժամանակ, ինչն առաջացնում է նրանց արդարացի դժգոհությունը»,- պարզաբանել է նախարարը:

Նա հավելել է, որ այս փոփոխության նպատակը կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցության եկած անձանց հերթերի առաջացումը կանխելն ու տեսակցությունների տրամադրման գործընթացի անհարկի ձգձգումները բացառելն է:

Արդյունքում կնվազի նաև քրեակատարողական հիմնարկի պետի ծանրաբեռնվածությունը:

Կարդացեք նաև՝ Նախարար. Բանտից վաղաժամ ազատման իստիտուտը թերություններ ունի