Սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի: Այդպիսի որոշում է կայացրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Որոշումը կայացվել է համաձայն ՀՀ նախագահի 2007-ի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի:
Որոշվել է հաստատել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը սահմանամերձ գյուղերի տնտեսական և այլ խնդիրների լուծման նպատակով եռամսյա ժամկետում պետք է առաջարկություններ ներկայացնի սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների կառուցման, հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցման, սահմանամերձ համայնքներում իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրման վերաբերյալ:
Առաջարկություններ պետք է ներկայացվեն նաև դեպի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների բարեկարգման, սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի նախատեսման հարցերի վերաբերյալ, ասվում է կառավարության պաշտոնական կայքում:





