Փետրվարի 16-ին Ստամբուլում հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ ժողով կգումարեն՝ քննարկելու Պոլսո Հայոց Պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականի հարցը:
Սպասվում է, որ ժողովին կմասնակցեն Ստամբուլի հայկական հիմնադրամների նախագահներն ու հայ համայնքի բարերաները, հաղորդում է «Ակոսը»:
Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը պաշտոնապես հրաժարական է տվել, ինչպես նաև հայտնել պատրիարքի ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու և Ստամբուլը հիմնովին լքելու մասին: Մաշալյանն իր որոշման համար մեղադրել է պատրիարքի փոխանորդ Աթեշյանին և հայտարարել, որ վերջինս ամեն կերպ խոչընդոտում է նախընտրական գործընթացն ու խախտում եկեղեցական կարգը՝ փոխպատրիարքի աթոռին մնալով մանիպուլյացիայի և սպառնալիքների միջոցով:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ թուրքիայի հայ համայնքը վրդովվել է, քանի որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց պատրիարքի ընտրությունը կապել է սահամանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ:





