ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և Արագ արձագանքման վարչությունների մասնագետները փետրվարի 15-ին չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Այնտեղ նրանք այցելել են 2016 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղաբաշխված կալանավորված անձանց՝ Վարուժան Ավետիսյանին, Ժիրայր Սեֆիլյանին և Մարտիրոս Հակոբյանին՝ պահման պայմանների ուսումնասիրության նպատակով:
Կատարված այցելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները մանրամասն ուսումնասիրել վերջիններիս խցային պայմանները:
Մարտիրոս Հակոբյանը բարձրացրել է կենցաղի ապահովման հետ կապված հարցեր, որոնք աշխատանքային կարգով քննարկվել են վարչակազմի հետ։ Պահման պայմանների վերաբերյալ այլ հարցեր չեն բարձրացվել:
Ժիրայր Սեֆիլյանի կողմից բարձրացվել է իր պաշտպանի տեսակցելու թույլտվությունը մերժելու մասին հարցը:
Պաշտպանի տեսակցելու թույլտվությունը մերժելու, ինչպես նաև արձանագրված այլ խնդիրների կապակցությամբ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ:
Քրեակատարողական հիմնարկներ իրականացվող չհայտարարված այցելությունները կրելու են շարունակական բնույթ, տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ: Օգոստոսի սկզբին Սեֆիլյանի գործը միացվել էր «Սասնա ծռեր»-ի գործին: Նրան այժմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» զինված խմբի կազմում պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու, ինչպես նաև 2015-ին Հայոց ցեղասպանության հիշատակի նախօրեին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածներով։
«Սասնա ծռերի» մյուս անդամ Մարտիրոս Հակոբյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:





