AM
17 Փետրվար 2017 - 06:20 AMT

Օմբուդսմենն այցելել է «Սասնա ծռերի» անդամներին

Փետրվարի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց, մասնավորապես՝ Արամ Մանուկյանին, Պավել Մանուկյանին, Արմեն Լամբարյանին և Թաթուլ Թամրազյանին։

ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ պաշտպանն ուսումնասիրել է նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը: Այցի ընթացքում պաշտպանին ուղեկցել են Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերով պաշտպանի տեղակալը և աշխատակազմի բժիշկը:

Ազատությունից զրկված անձանց բարձրացրած իրավունքների ապահովման և բժշկական օգնության տրամադրման հետ կապված առանձին հարցեր աշխատանքային կարգով քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և ստացել լուծում։

Պաշտպանը տեսակցել է նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող, հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին, ուսումնասիրել նրա առողջական վիճակը և բուժօգնության կազմակերպան հետ կապված հարցերը:

Հարկ է ընդգծել, որ պաշտպանի հանձնարարությամբ նրա ներկայացուցիչները 2017 թվականի փետրվարի 10-ից սկսած մի շարք այցեր են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, տեսակցել հացադուլում գտնվող Արթուր Սարգսյանին, մանրամասն ուսումնասիրել նրա բժշկական օգնության տրամադրման և պահման պայմաններին առնչվող հարցերը, որի արդյունքում արդեն իսկ սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ:

Այցի ընթացքում Արթուր Սարգսյանը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց ուսումնասիրության արդյունքներով համապատասխան գրություններ են պատրաստվել ՀՀ արդարադատության նախարարությանը և ՀՀ գլխավոր դատախազությանը:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող Արամ Մանուկյանի, Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Թաթուլ Թամրազյանի և Արթուր Սարգսյանի առողջական վիճակի և իրավունքների ապահովման հարցերը մնում են պաշտպանի անմիջական հսկողության ներքո: