Փետրվարի 24-ից սկսած Հայաստան կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ, որոնք գալիս են Եգիպտոսից: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Ինչպես և խոստացել էինք մոտենում է երկար սպասված գարունը: Փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով, ինչի արդյուքում օդի մեջ կզգացվի գարնան շունչը»,- նշել է նա:
Ցերեկային ժամերին հանրապետության ամբողջ տարածքում կարձանագրվի դրական ջերմային ֆոն: Սուրենյանի հավաստմամբ, Տավուշի և Սյունիքի Հովիտներում ջերմաստիճանը ցերեկը կհասնի +12…+15, իսկ Արարատյան դաշտում և Երևանում՝ +5… +6 աստիճանի:
Հանրապետության տարածքում փետրվարի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի:





