Արցախի Հանրապետության և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին գործերի նախարարներ Կարեն Միրզոյանի և Վիտալի Իգնատևի միջև փետրվարի 28-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ։
Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՄՄՀ արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել փետրվարի 20-ին Արցախում կայացած նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի անցկացումն ու դրա արդյունքները՝ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ապահովման և պետականության հետագա զարգացման համատեքստում։ Իր հերթին, Կարեն Միրզոյանը գոհունակություն է հայտնել հանրաքվեին Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության դիտորդական առաքելության ակտիվ մասնակցության համար։
Վիտալի Իգնատևը խորին մտահոգություն է հայտնել փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերի վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակման փորձի ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և իր աջակցությունը հայտնել արցախյան կողմին։
Կարեն Միրզոյանն իր գործընկերոջը տեղեկացրել է շփման գծում տիրող իրավիճակի և արցախյան կողմի ջանքերի մասին՝ ուղղված իրավիճակի կայունացմանը և բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ապահովմանը։
Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին:ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:





