ՀՀ քաղաքացիների ու հատկապես տնտեսվարողների կողմից հաճախ իրավացիորեն բարձրաձայնվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դրամական միջոցների վրա պարտավորության չափի անհամաչափ արգելանք դնելու խնդիրը, այն պարագայում, երբ վերջիններիս մոտ առկա է լինում շարժական կամ անշարժ գույք, որի արժեքը համաչափ է լինում պարտավորությանը, կամ հակառակը: Խնդրի մասին Գործադիրի մարտի 2-ի նիստում բարձրաձայնել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի վրա արգելանք դնելու խնդրին:
«Արդյունքում, նման արգելանքները, հատկապես հաշվի առնելով, որ դրանք կիրառվում են դատական գործերում, որոնց տևողությունը բավական երկար է, հաճախ լուրջ խոչընդոտ են դառնում նաև բիզնեսի համար»,- ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը:
Նրա խոսքերով՝ ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է լինում օրենսդրական մակարդակով առկա խոչընդոտներով:
Այդ իսկ պատճառով, վարչապետը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել է մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն, որ վերաբերում է ԴԱՀԿ կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես հայցի ապահովման միջոց արգելանքները գույքի կամ դրամական միջոցների վրա առավել համաչափ դրվելու և այդ ոլորտում առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելուն:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում:





