AM
2 Մարտ 2017 - 10:58 AMT

2017-ին 20.000 ընտանիք կկարողանա տնօրինել ընտանեկան նպաստի գումարը՝ ամսական 25.000 դրամից ոչ ավելի

Երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, նպաստ նշանակելու և վճարելու կարգը, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը սահմանող որոշման մեջ:

Մինչև 2017թ. հունվարի 1-ը գործող իրավակարգավորումների համաձայն՝ ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաև նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25.000 դրամը:

Համաձայն կարգի՝ ընտանեկան դրամագլուխը ընտանիքը կարող է օգտագործել՝ հիփոթեքային վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու, ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու, սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու և հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային գյուղական բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու համար:

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվում է մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը: Այդ իրավունքից կօգտվի մոտ 20.000 ընտանիք: