AM
8 Մարտ 2017 - 07:55 AMT

Նախագահը՝ Սփյուռքին. Մեկմեկու պահանջներ ներկայացնելու փոխարեն պետք է խոսենք ու համագործակցենք

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում կարևորում են համահայկական քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացը, որն անխուսափելի իրողություն է Հեռահաղորդակցության արդի տեխնոլոգիաների պայմաններում: «Եթե մենք ձեզ հետ միասին ուզում ենք, որ Հայաստանը լինի ավելի ազատ, ավելի արդար և ավելի ժողովրդավար, ապա մեկմեկու պահանջներ ներկայացնելու փոխարեն մենք պետք է իրար հետ խոսենք և ոչ միայն խոսենք, այլև համագործակցենք», – նշել է Սարգսյանը:

Սերժ Սարգսյանն առաջարկել է Սփյուռքին Հայաստանի հետ գործակցության նոր մեխանիզմներ քննարկել: ««Սփյուռքի ներդրումներն այսուհետ պետք է թիրախավորված և նպատակային բնույթ կրեն՝ միտված լինելով Հայաստանի արդյունաբերության զարգացմանը և երկրի տնտեսության մյուս ճյուղերի խթանմանը: Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ենթակառուցվածքների զարգացումը տնտեսության կայացման կարևորագույն նախապայմաններից մեկն է։ Այս առումով սփյուռքը պետք է լինի գիտելիքի և հմտությունների կարևորագույն աղբյուրը Հայաստանը տարածաշրջանում գործարար և ներդրումային միջավայրի լավագույն վայրը դարձնելու համար», – ասել է նա։

«Եթե ուրիշներն ունեն նավթ, գազ, ծով, ապա մեր «ծովը», մեր «ելքը դեպի արտաքին աշխարհ» դուք եք, սիրելի՛ հայրենակիցներ։ Այս հսկայական ներուժի ճիշտ ուղղորդման պարագայում կարող ենք ցանկալի հաջողությունների հասնել», – նշել է նա:

«Հայ գործարարները զգալի ավանդ ու կշիռ ունեն համաշխարհային տնտեսության բազմաթիվ ոլորտներում: Միաժամանակ, սփյուռքահայ գործարարների համագործակցությունը Հայաստանում և արտերկրում մնում է ոչ բավարար: Հայաստան-սփյուռք գործակցության արդի փուլի գերակա ուղղություններից մեկն է սփյուռքի գործարարների մասնակցության ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում: Սփյուռքի գործարարները, ներգրավելով իրենց կապերը, կարող են նպաստել Հայաստանում օտարերկրյա ներդրումային ծրագրերի իրագործմանը: Սակայն դրանից ոչ պակաս կարևոր է գործարար մշակույթի ձևավորման գործում ժամանակակից հմտությունների կիրառումը: Դա առաջին հերթին կարող են անել հենց եվրոպական զարգացած միջավայրում աշխատող հայ գործարարները՝ բերելով իրենց հետ աշխատանքի կազմակերպման ամենաառաջադեմ մշակույթը», – ընդգծել է նախագահը: