AM
21 Մարտ 2017 - 09:10 AMT

ՄԻՊ-ը «Հաց բերողի» վերաբերյալ տվյալները փոխանցել է քրեական վարույթն իրականացնող մարմնին

Մարտի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից «Հաց բերող» Արթուր Ռոբերտի Սարգսյանի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում առկա բոլոր տեղեկությունները, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ այցերի ընթացքում նրա առողջական վիճակի վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերը, օրենսդրական պահանջների պահպանմամբ, փոխանցվել են քրեական վարույթն իրականացնող մարմնին:

Այս մասին հայտնել է ՄԻՊ աշխատակազմը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Քննչական կոմիտեն պատրաստ է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության հետագա գործընթացում ապահովել միջազգային փորձագետների ներգրավումը:

49-ամյա Սարգսյանը մահացել է հունվարի 16-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: «Արմենիա» ԲԿ վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանն ասել էր, որ բժիշկներն արել են հնարավորը՝ «Հաց բերողի» կյանքը փրկելու համար։

Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարածք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։