Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերիին եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը ողջունել է ՖԻՖԱ-ի աջակցությամբ ֆուտբոլի զարգացման ուղղությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Նրա խոսքով, համատեղ աշխատանքն արդեն տալիս է իր պտուղները. «Արդյունքները թեեւ դեռեւս փոքր են, բայց` տեսանելի»: Նշելով, որ սպորտում յուրաքանչյուր հաղթանակ մեծացնում է ձգտումը դեպի տվյալ սպորտաձեւը, Ռոբերտ Քոչարյանը հաջողության հասնելու կարեւոր նախապայման է համարել ոգեւորությունը, լավ տրամադրությունը, առանց որոնց հնարավոր չէ լուրջ արդյունքներ գրանցել: Զեպ Բլատերին ասել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեծածավալ աշխատանք է կատարում ֆուտբոլի զարգացման, մարզերում սպորտաձեւը խրախուսելու ուղղությամբ եւ պատրաստակամություն է հայտնել աջակցել հայկական կողմի նախաձեռնություններին:





