Ինչպես հայտնի է, 2016-ի մարտի 16-ին Սարալանջի պողոտայում՝ Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց մոտ 15 մետր երկարությամբ և 8 մետր բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել էր: Բարեբախտաբար, տուժածներ չկային, սակայն փուլուզումը վտանգավոր էր և համապատասխան մարմինների կողմից արժանի էր ուժադրության՝ նմանատիպ դեպքերից հետագայում խուսափելու համար:
Տարածքի տեղազննման արդյունքում Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց՝ ասֆալտի վրա, նկատվել են մոտ 5 մետր երկարությամբ և մոտ 0.7 սմ լայնությամբ ճաքեր:
«Փորձաքննությունների ազգային բյուրոյում դեպքով փորձաքննություն է ընթանում, եզրակացությունը դեռ չկա, ժամկետները հայտնի չեն: Դեպքով քրգործ դեռ հարուցված չէ», – դեպքից անմիջապես հետո տեղեկացրեցին ոստիկանությունից:
Մեկ տարի անց՝ 2017-ի մարտի 16-ին, PanARMENIAN.Net-ը ոստիկանությունից տեղեկատվություն ստացավ, որ ոստիկանությունում դեպքն այլևս չի քննվում, իսկ փորձաքննության դիմել էր հենապատի շինարարության հետ կապված Քարդ Ագրոսերվիս ընկերությունը. այդ ընկերությունից, ոստիկանության խորհուրդով, և պետք է ստանալ պարզաբանումներ:
Քարդ Ագրոսերվիս ՓԲԸ-ից տեղեկացրեցին, որ փորձաքննության արդյունքները հայտնել չեն կարող, քանի որ ընկերությունը պողոտայի փլուզված հատվածի շինարարության հետ ոչ մի կապ չունի, նրանք միայն բարեկարգել են մի հատվածը, որը ընկերության շենքի դիմացն էր:
Հարցին, թե ինչու հենց այդ ընկերությունն է փորձաքննության դիմել, եթե ոչ մի կապ չուներ շինարորւթյան հետ, PanARMENIAN.Net-ին հայտնեցին, որ այդ հարցը պետք է իրավաբաններին ուղղել: Մեզ նաև խորհուրդ տվեցին հարցով դիմել քաղաքապետարան:
Քաղաքապետարանին ուղղված հարցման պատասխանը ստանալուց անմիջապես հետո այն կհրապարակվի:





