AM
13 Ապրիլ 2017 - 09:50 AMT

Գնումների աջակցման կենտրոնը լուծարվել է. 20 հաստիք է կրճատվել

Կառավարության ապրիլի 13-ի նիստում որոշում է կայացվել լուծարել ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

«ՊՈԱԿ-ը մի շարք գործառույթներ է իրականացրել, որոնք պետք է տեղափոխել նախարարություն։ Խոսքը գնում է թեժ գծի, էլեկտրոնային տեղակատվական համակարգերի պահպանման, հայտերի փորձաքննության իրականացման մասին, սրանք կարևորագույն ֆունկցիաներ են, որ գնումների ամբողջ համակարգը լինի արդյունավետ ու աշխատունակ», – որոշման նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, գրում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ ՊՈԱԿ-ի շենքն ամրացվելու է ֆինանսների նախարարությանը։ «120 միլիոն դրամի խնայողություն է նախատեսվում ունենալ: 47 հոգանոց աշխատազմից թողնելու ենք 27-ը՝ այսպիսով 70 միլիոն դրամով լրացուցիչ խնայողություն ստեղծելով», – հավելել է նախարարը։

2016-ի սեպտեմբերին դեռ վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերել է բոլոր գերատեսչություններին. «Գործադիրի բոլոր մարմիններին հանձնարարում եմ վերանայել կառավարության իրենց ոլորտներում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ: Բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կան, որոնք ունեն հաստատուն ծախսեր, բայց հասկանալի չէ, թե իրենց օգուտը որն է: Ելնելով դրանից, շատ խիստ, կոշտ պետք է վերանայել այդ ամենը»: