Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ նախաձեռնել է 1994 թ զինադադարից ի վեր աննախադեպ մասշտաբներով հարձակում։
«Այդ հարձակումն ավարտվեց ռազմական անհաջողությամբ, ինչը ևս մեկ անգամ կարևորում է հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը, որը պետք է տեղի ունենա երկու կողմերի՝ Արցախի և Ադրբեջանի միջև անմիջական երկխոսության հաստատման միջոցով»,- ասված է հայտարարության տեքստում, հաղորդում է Panorama.am-ը։
Բարեկամության շրջանակը նաև հիշեցնում է, որ ադրբեջանական զինված ուժերն իրենց հարձակման ընթացքում Արցախի սահմանամերձ գյուղերի հայ քաղաքացիական բնակչության դեմ իրականացրեցին բազմաթիվ հանցագործություններ:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս ընդունել և ընթացք է տվել արցախցի քաղաքացիների կողմից ներկայացված քսաներեք դիմում-բողոքի, որոնց հարազատները ենթարկվել են դաժան խոշտանգումների և ապա սպանվել ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից։ Կասկած չկա, որ կանոնավոր զինված ուժերին բնորոշ վարքագծին հակասող այդ խոշտանգումներն Ալիևի վարչակարգի հայատյաց քաղաքականության հետևանքն են և հստակ հրահանգների արդյունք»,- նշել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ:
Բարեկամության շրջանակը նշում է, որ նման գործողությունները միմիայն նպաստում են անվստահություն մթնոլորտի ամրապնդմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարի հետաձգմանը:
«Ահա թե ինչու նախապայմաններ պետք է հանդիսանան Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը և բանակցային սեղանի շուրջ նրա վերադարձը և ոչ թե Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանն ուղղված իրականացվող հիպոթետիկ միջոցառումները», – եզրափակել է Ֆրանսուա Ռոշբլուանը:
Բարեկամության շրջանակը կարծում է, որ մարտի 28-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջև տեղի ունեցած հանդիպումը մեկ քայլ առաջ է այդ ուղղությամբ և աջակցում է Մինսկի խմբի առաջարկները, ինչպիսիք են՝ Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացուցիչ և դեսպան Անդրեյ Կասպրշիկի դերակատարության ամրապնդումը, ինչպես նաև նրա գրասենյակին՝ հրադադարի վերահսկման և միջադեպերի ծագման վերստուգման նպատակով իրական հնարավորությունների տրամադրումը:
2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ, 120-ից ավելին վիրավորվել է:





