«2016 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին» մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած մի շարք դատողություններ և որակումներ զուրկ են իրավական հիմնավորումից, հիմնված են դեպքերի և իրադարձությունների միակողմանի գնահատման վրա, իսկ տվյալ իրադարձությունների վերաբերյալ իրականացվող քննության վերաբերյալ եզրահանգումները չեն բխում քննությամբ հաստատված հանգամանքներից և, հաշվի առնելով դեռևս ընթացող քննությունը, առնվազն, վաղաժամ են։
Այս մասին հայտարարում է ՀՀ Գլխավոր դատախազությունը:
«Նախ, ամբողջ զեկույցում պաշտպանի կողմից մարդու իրավունքների խախտման տարբեր դրսևորումների վերաբերյալ արվող վերլուծությունների և դատողությունների հիմքում ընկած է հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հավաքների (սահմանափակ բացառությամբ) խաղաղ բնույթ ունենալու մասին ոչնչով չհիմնավորված գնահատականը, առանց կազմակերպված հավաքների, երթերի և դրան նախորդած՝ զինված խմբի կողմից պարեկապահակային ծառայության գնդի գրավման միջև պատճառական կապի վերհանման և առանց հաշվի առնելու հավաքի մասնակիցների՝ իրենց իսկ կողմից բարձրաձայնված նպատակները։
Հավաքների խաղաղ բնույթի մասին պաշտպանի հետևությունները չեն կարող անաչառ և իրավական տեսանկյունից ընդունելի լինել այն պարզ պատճառով, որ դրանք «խաղաղ» են որակվել առանց գնահատելու այդ հավաքները նախորդող, դրանք կանխորոշ իրադարձությունների և հենց հավաքների նպատակի «ոչ խաղաղ» բնույթը», – ասված է դատախազության հայտարարության մեջ։
Նշվում է, որ իրավապահ մարմինների տրամադրության տակ եղած տվյալների մասին մակերեսային և ոչ ամբողջական տեղեկություններ ունենալու պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում գնահատականներ են տրվել ոչ միայն կազմակերպված հավաքների, երթերի բնույթին, դրանց մասնակիցների նպատակներին, այլ նաև նշված միջացառումների ընթացքում իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցներին և դրանց իրավաչափությանը:
Գլխավոր դատախազությունը Մարդու իրավունքների պաշտպանին հորդորում է իրավական գործընթացների վերաբերյալ հրապարակային զեկույցներում գնահատողական կարծիք հնչեցնելիս հիմնվել բացառապես ստուգված և օբյեկտիվ փաստերի վրա` այդ կերպ զերծ մնալով իրավապահ կառույցների աշխատանքի նկատմամբ հանրային ոչ ճշգրիտ կարծիք ձևավորելու արատավոր երևույթից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ հատուկ միջոցների կիրառումը ոստիկանության կողմից անհամաչափ էր:
Կարդացեք նաև՝ Ոստիկանությունը մեղադրում է ՄԻՊ-ին «ոչ պրոֆեսիոնալիզմի» մեջ՝ զեկույցում զգացմունքնություն կա





