Պետեկամուտների կոմիտեն դեռևս տեղեկություն չունի ՀՀ-ում հայտնված ադրբեջանական խնձորի մաքսանենգ ճանապարհով երկրում հայտնվելու վերաբերյալ:
Ինչպես ասվում է կոմիտեի հաղորդագրությունում, ընթանում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով:
«Հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50 կգ) խնձորի և այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ», – ասում է կոմիտեն:
Ավելի վաղ ՍԱՊԾ-ը հայտարարել էր, որ սահմանային հսկիչ կետերով ադրբեջանական ծագման որևէ բեռ, այդ թվում և՝ խնձոր, չի ներկրվել Հայաստան:
Ապրիլի 23-ին երևանյան խանութներից մեկում «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ արկղերի մեջ խնձորների լուսանկարը, այնուհետև՝ տեսանյութը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում: Վերջերս Թուրքիայից Հայաստան էին ներկրվել նաև Karabax գրությամբ լոլիկներ: Ավելի ուշ Պետական եկամուտների կոմիտեին տեղեկացրել էր, որ սահմանին կանխվել է Karabax մակնշմամբ արկղերով մոտ 50 կիլոգրամ լոլիկի և վարունգի ներկրումը հանրապետություն: Ըստ աղբյուրի՝ օրինախախտը գյուղմթերքը փորձել է տեղափոխել խնձորով ծածկված արկղերում:





