AM
18 Մայիս 2017 - 09:14 AMT

Միայնակ ճանապարհորդող փախստական երեխաների թիվը 5 անգամ աճել է

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, միայնակ ճանապարհորդող փախստական և միգրանտ երեխաների ընդհանուր թիվը 2010-ից ի վեր աճել է հինգ անգամ: 2015-2016-ին առնվազն 300.000 միայնակ և առանց ուղեկցորդի երեխա է գրանցվել 80 երկրում, մինչդեռ 2010-2011թթ.-ին միայնակ ճանապարհորդող փախստական և միգրանտ երեխաների թիվը 66.000 էր:

«Երեխան երեխա է. գաղթի ճանապարհին երեխաների պաշտպանությունը բռնությունից և շահագործումից» զեկույցը փախստական և միգրանտ երեխաների տեղափոխությունների դրդապատճառների և ռիսկերի համընդհանուր պատկերն է ներկայացնում: Ըստ զեկույցի, այդ երեխաների մեծ մասն իրենց վերջնանպատակ երկիր հասնելու համար վտանգավոր ճանապարհներ ընտրելով՝ մաքսանենգների և թրաֆիքինգով զբաղվողների զոհ է դառնում: Տվյալ խնդիրը մատնանշում է անվտանգության համընդհանուր համակարգի ստեղծման կարիքը՝ երեխաներին չարաշահումից, բռնությունց և մահից հեռու պահելու նպատակով:

«Միայնակ ճանապարհորդող մեկ երեխան արդեն մեծ թիվ է, այնուամենայնիվ, այսօր զգալիորեն մեծ թվով երեխաներ հենց դա՛ են անում, և մենք՝ որպես չափահասներ, չենք կարողանում նրանց պաշտպանել», – ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսիթը:

17-ամյա նիգերիացի Մերին առանց ուղեկցորդի ճանապարհորդող անչափահաս է, ով թրաֆիքինգի զոհ է դարձել՝ Լիբիայից Իտալիա իր գաղթի ընթացքում: Նկարագրելով մաքսանենգ դարձած՝ թրաֆիքինգով զբաղվող մարդուն, ով իրեն օգնություն էր առաջարկել, Մերին նշել է. «Նա մեզ խոստացել էր լավ վերաբերմունք և անվտանգություն, սակայն այդ ամենը սուտ էր»: Ավելի քան երեք ամիս Մերին Լիբիայում փականքի տակ էր՝ ենթարկվելով բռնության:

Զեկույցում նշված է. 2015-2016-ին 200.000 առանց ուղեկցորդի երեխա ապաստան է հայցել մոտ 80 երկրում, 2015-2016-ին 100.000 առանց ուղեկցորդի երեխա ձերբակալվել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին, 2015-2016 թթ.-ին 160.000 առանց ուղեկցորդի երեխա ապաստան է հայցել Եվրոպայում, 2016-ին ծովով Իտալիա ժամանած երեխաների 92% -ը եղել էառանց ուղեկցորդի: Երեխաները կազմում են համաշխարհային թրաֆիքինգի զոհերի մոտ 28%-ը,

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործողությունների օրակարգը ներառում է՝ պաշտպանել փախստական և միգրանտ, հատկապես առանց ուղեկցորդի, երեխաներին բռնությունից և շահագործումից, վերջ դնել փախստական և միգրանտ երեխաների կալանքին՝ ներկայացնելով մի շարք այլ՝ առավել գործածական այլընտրանքներ, միասնական պահել ընտանիքները՝ որպես երեխաներին պաշտպանելու լավագույն միջոց և օրինական կարգավիճակ շնորհել երեխաներին, հնարավորություն տալ բոլոր փախստական և միգրանտ երեխաներին ուսում ստանալ և օգտվել առողջապահական և այլ որակյալ ծառայություններից, գործի անցնել՝ արձագանքելու լայնամասշտաբ տեղափոխությունների հիմքում ընկած դրդապատճառներին, տրանզիտ և վերջնանպատակ երկրներում խրախուսել քսենոֆոբիայի, խտրականության և մարգինալիզացիայի դեմ պայքարը:

Save the Children կազմակերպության տվյալներով, 2015-ին Եվրոպա է ժամանել 25 հազար երեխա ու դեռահաս առանց մեծահասակների ուղեկցության: 2016-ի սկզբին Եվրոպոլը հայտարարեց, որ ներգաղթյալների ավելի քան 10.000 երեխա է անհետացել Եվրոպա ժամանելուց հետո: Փախստական երեխաների միայն 50 տոկսոն է տարրական դպրոց հաճախում, իսկ միջին դպրոց` միայն 25 տոկոսը: