Ոստիկանության ներքին աուդիտի վարչության աշխատակիցներն Արարատի մարզային վարչությունում ֆինանսական խախտումներ են հայտնաբերել՝ գումարների ավելցուկ և պակասորդ: Այս մասին հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերին հղումով:
Մասնավորապես, ՀՀ ոստիկանության հիշյալ վարչության ստորաբաժանումներում 2014-2017թթ.-ի ընթացքում իրականացված աուդիտի ընթացքում պարզվել է, որ առանց օրինական հիմքերի, ոստիկանության ծառայողների հետ փոխադարձ համաձայնությամբ, հաշվապահների կողմից վերջիններիս ավելի գումարներ են վճարվել, իսկ մի շարք աշխատակիցների աշխատավարձերից առանց հիմքերի պահումներ են կատարվել, ոստիկանության որոշ ծառայողների էլ պակաս գումարներ են վճարվել: Այսպես, նշված երեք տարվա ընթացքում ոստիկանության 184 աշխատակցի մոտ 30 մլն-ի չափով ավելի և 46 աշխատակցի` ավելի քան 3.5 մլն-ի չափով պակաս գումար է վճարվել:
Նկատի ունենալով, որ ստացված նյութերում առկա են ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործության հատկանիշներ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





