Մայիսի 24-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ և Կալիֆորնիայի խորհրդատվական ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Լոս Անջելեսի, Օրինջի մարզերի, Գլենդեյլ և Լոս Անջելես քաղաքների առևտրի պալատների ղեկավարներ, բիզնես ոլորտի խորհրդատվական կառույցների անդամներ և ամերիկյան խոշոր և միջին ընկերությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Վալերի Մկրտումյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը՝ անդրադառնալով օրենդրությանը, հեռանկարային ոլորտներին և գործարար պոտենցիալին:
Քննարկման մասնակիցները ծանոթացել են նաև KPMG միջազգային հեղինակավոր խորհրդատվական ընկերության վերլուծությանը Հայաստանի ներդրումային հնարավորությունների, հարկային քաղաքականության ու Հայաստանի կառավարության կողմից ներդրողներին տրվող արտոնությունների մասին:
Կալիֆորնիայի խորհրդատվական ընկերության ղեկավար Սթիվ Սամուելյանը նշել է, որ ամերիկյան գործարար դաշտի հետ հարաբերությունների նոր սկիզբ է դրվում, հավելելով, որ բիզնես-քննարկումները կշարունակվեն նաև առաջիկայում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և բազմաթիվ այլ ոլորտներում ներդրումային հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Սթիվ Սամուելյանը հայտնել է, որ նախատեսվում է կազմակերպել ամերիկյան մի քանի խոշոր ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ներդրումային դաշտին տեղում ծանոթանալու և փոխգործակցության հնարավորությունները գնահատելու նպատակով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Գործարկվել է ՀՀ ներդրումային հարթակը: Investmentprojects.am-ի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:
Կայքը գործարկվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով:Investmentprojects.am կայքում ինֆոգրաֆիկայով տեղեկություն է տրամադրվում այցելուներին ՀՀ ներդրումներ կատարելու գրավչության և շահեկանության վերաբերյալ, ինչպես նաև` մանրամասն նկարագրվում է Հայաստան ներդրումային միջավայրի գրավչությունը, շահեկանությունը և հնարավոր հեռանկարները:





