Մայրաքաղաքում հինգերորդ տարին անընդմեջ կանցկացվի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ մշակութային, զբոսաշրջային, մարզական և կրթական ուղղություններով: Միջոցառումները կմեկնարկեն հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը:
«Երևանյան ամառ 2017» ծրագրում ընդգրկված է ավանդական դարձած ու նոր մոտ 60 միջոցառում՝ փառատոններ, ցուցահանդեսներ, բացօթյա համերգներ, մարզական մրցույթներ, ինչպես նաև օրացուցային տոներ:
Արդեն ավանդական դարձած ծրագրերից կրկին կանցկացվեն «Համով-հոտով Երևան», «Երևան ՏԱՐԱԶֆեստ», «Ֆրեսկո», «Պարում է Երևանը», Գարեջրի և Ձմերուկի փառատոնները: «Երևանյան ամառ 2017» ծրագրով այս տարի առաջին անգամ կանցկացվեն «Պաղպաղակի օր» և Ընտանի կենդանիների ցուցադրական 1-ին մրցույթ-փառատոնները:
«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, զբոսայգիներում և հանգստի գոտիներում՝ ուղղված տարբեր տարիքային խմբերի և տարբեր հետաքրքրություններ ունեցող անձանց համար:
Երևանյան երեկոները կուղեկցվեն երաժշտական ավանդական՝ «Երևանյան բառդ», «Հնչում է Երևանը» միջոցառումներով: Ամռան երեք ամիսներին տարբեր ցուցադրություններով հանդես կգան Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններն ու ցուցասրահները: «Երևանյան ամառ 2017»-ի շրջանակում յուրաքանչյուր շաբաթ օր համայնքային ենթակայության Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Ժամանակակից արվեստի և Կ. Դեմիրճյանի անվան թանգարաններում, «Էդուրադ Իսաբեկյան» ցուցասրահում և «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում մուտքը կլինի ազատ:
Այս ամառը հագեցած կլինի նաև մարզական միջոցառումներով՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի մրցաշար, «Դրեգ Րեյսինգ» արագընթաց Երևան սպորտային մեքենաների 1-ին մրցաշարը, «Երևան դրիֆթքինգ» ավտոշոուն և այլ նախաձեռնություններ:
«Երևանյան ամառ 2017» միջոցառումների ծրագիրը կեզրափակվի օգոստոսի 31-ին՝ «Ցտեսությո՛ւն, ամառ» խորագրով անցկացվելիք ծրագրով:
«Երևանյան ամառ 2017»-ը կիրականացվի Երևանի քաղաքապետարանի և համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ: Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ մի քանի եղանակով:
Տեղեկատվական բուկլետներն արդեն այսօրվանից կբաժանվեն բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում: Միջոցառումների մասին տեղեկատվությունը հասանելի կլինի նաև քաղաքապետարանի պաշտոնական www.yerevan.am և www.myYerevan.am կայքերում:





