Արցախյան կողմը երբևէ չի թիրախավորել Ադրբեջանի քաղաքացիական օբյեկտները: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հակառակորդի այն հայտարարությանը, իբրև թե ՊԲ-ն մայիսի 30-ի լույս 31-ի գիշերն ականակոծել է ադրբեջանական ԶՈՒ դիրքերը, ինչպես նաև՝ մի շարք բնակավայրեր:
«Քաղաքացիական օբյեկտները թիրախավորելը հայկական կողմին բնորոշ չէ: Դա, ընդհանրապես, քաղաքակրթությանը ոչ բնորոշ երևույթ է: Այդ Ադրբեջանն է ամեն ինչ անում՝ խախտելով հրադադարի ռեժիմն ու բոլոր միջազգային պայմանագրերը՝ այդ թվում՝ գյուղերում ու բնակավայրերում տարբեր տիպի ռազմական տեխնիկա, անգամ՝ հրետանի տեղակայելով, որտեղից հրթիռակոծում և գնդակոծում են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերը: Բայց նույնիսկ այդ իրավիճակում մենք չենք թիրախավորում քաղաքացիական օբյեկտները: Անգամ ռազմական օբյեկտները թիրախավորում ենք միայն այն դեպքում, երբ դրանք հեռու են բնակելի շենքերից, դպրոցներից, մանկապարտեզներից ու հիվանդանոցներից»,- շեշտեց Բաբայանը:
ԱՀ նախագահի խոսնակը նշեց, որ դա է փաստում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին կոշտ հայտարարությունը:
«Մենք պնդում ենք, որ ԵԱՀԿ դիտորդները՝ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գլխավորությամբ, պետք է տեղակայված լինեն սահմանի երկայնքով, իսկ Ադրբեջանն անդադար դրան խոչընդոտում է, քանի որ ինքն է մշտապես խախտում հրադադարի ռեժիմը»,- հավելեց Դավիթ Բաբայանը:
ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից ու Ռիչարդ Հոգլանդն ԱՄՆ-ից մայիսի 19-ին հայտարարություն են տարածել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման վերաբերյալ՝ առաջին անգամ հասցեական քննադատություն հնչեցնելով հրադադարի ռեժիմը խախտող ու սադրանքների դիմող Ադրբեջանի հասցեին. «Տարբեր վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի ուղղությամբ հրթիռ է արձակել՝ հարվածելով ռազմական տեխնիկային»:





