AM
6 Հունիս 2017 - 09:36 AMT

Մանկապարտեզն ավարտող երեխաները դպրոցական պայուսակ ու գրենական պիտույքներ կստանան

Երևանի քաղաքապետարանը դպրոցահասակ երեխաներին մոտ 10000 պայուսակ կտրամադրի՝ 16 անուն դպրոցական անհրաժեշտ պարագաներով: Քաղաքապետարանի լրատվական ծառայության հաղորդմամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն, այս տարի ևս համայնքային ենթակայության մանկապարտեզներն ավարտող դպրոցահասակ բոլոր երեխաները կստանան դպրոցական առաջին նվերները` պայուսակներ և գրենական պիտույքներ:

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների կամավորների ներգրավմամբ արդեն իսկ նախապատրաստվել և վարչական շրջանների համապատասխան բաժիններին են փոխանցվել նախատեսված նվերները: Երեխաներն այդ պայուսակները կստանան առաջիկայում մանկապարտեզներում կազմակերպվող ավարտական հանդեսների ընթացքում:

Երևանի համայնքների ենթակայության տակ ընդհանուր առմամբ գործում է 162 մանկապարտեզ: