AM
9 Հունիս 2017 - 09:16 AMT

Երեխաները խելագարված. Ինչպես էին փոքրիկ քֆուրչիները «պաշարում» Տիմատիի երաժիշտներին

Երեկ՝ հունիսի 8-ին, Երևանի Հանրապետության հրապարակում կայացավ ռուս հիփ-հոփ կատարող Տիմատիի բացօթյա համերգը, որին ավելի քան 40.000 հանդիսատես էր ներկա:

Ներկաների գերակշռող մասն անչափահասներ էին՝ 7-ից 16 տարեկան: Ոմանք եկել էին ծնողների հետ, ոմանք՝ առանց, ինչը զարմանալի էր, հատկապես փոքրերի դեպքում: Անվտանգության տեսանկյունից այդքան էլ ճիշտ չէ 9-12 տարեկան երեխային ուշ ժամին (իսկ համերգն ավարտվեց ժամը 22:30-ին) միայնակ թողնել բազմահազարանոց բացօթյա համերգի, թեև ամեն ինչ լավ էր կազմակերպված, բազմաթիվ ոստիկաններ վերահսկում էին իրավիճակը:

Տիմատին սովորաբար իր համերգների վերջում միանգամից լքում է տարածքը, որ խուսափի բազմաթիվ հանդիսատեսի «հարձակումներից»: Այս համերգը ևս բացառություն չէր, մանավանդ, որ բացօթյա էր և բազմահազարանոց: Անմիջապես համերգի ավարտին երգչի անձնական թիկնապահները նստեցրին նրան հետնաբեմում կայանված մեքենան և տարան, հանդիսատեսի մեծ մասն էլ սկսեց ցրվել: Հետնաբեմում մնացել էին միայն աշխատողները, կազմակերպիչներն ու երաժիշտները, որոնք հավաքում էին բեմը, մի մասն էլ հանգստանում էր «գրիմյորկայում»: Որոշ ժամանակ անց այդ հատված սկսեցին ներթափանցել երեխաների խմբեր՝ 15-30 հոգանոց: Կազմակերպիչները սկզբից շատ սիրալիր փորձեցին բացատրել, որ Տիմատին արդեն վաղուց հեռացել է. չէին հավատում (դե, երեխա են, հույս ունեին տեսնելու իրենց կուռքին): Աղմկոտ երեխաների մեծ խմբերում ընդամենը մի քանի չափահաս էր երևում՝ ծնողներն էին: Հուսահատված կազմակերպիչները փորձեցին զրուցել նրանց հետ՝ մտածելով, որ մեծերն ավելի հեշտ կհասկանան և կկարողանան տանել իրենց երեխաներին: Ապարդյուն էր. ոչնչով չէին տարբերվում երեխաներից, ավելի ճիշտ՝ հակառակը: Փաստորեն, ահա թե ում էին նման երեխաները:

Որոշ ժամանակ տևած «բանակցություններից» («Տիմատին ստե՞ղ ա»: «Չէ՛, ստեղ չի»: «Խաբում եք, ստեղ ա»: «Արդեն վաղուց ստեղ չի»:) հետո երեխաների շարքերից, որոնք մինչև այդ էլ առանձնապես քաղաքավարի չէին պահում իրենց, սկսեցին լսվել հայհոյանքներ: Դեռ երբեք այդպիսի բիրտ արտահայտություններ այդքան բարակ, մանկական ձայներով հնչեցրած չէի լսել, անկեղծ ասած՝ մեծերի կողմից էլ հաճախ չես լսի նման բառեր: Մեծահասակներին հարիր քֆուրներ երեխաներին հատուկ անմիջականությամբ՝ համեմված հիստերիայի տարրերով. սրան էին մի քանի րոպե շարունակ դիմակայում կազմակերպիչներն ու արտիստները: Այդտեղ գտնվող սակավաթիվ ծնողները, սակայն, ոչ թե նկատողություն էին անում, այլ, կարծես, համակարծիք էին երեխաների հետ. «Ոչինչ բալե՛ս, գրողի ծոցը թո՛ղ գնան իրանք էլ, իրանց Տիմատին էլ, դու մի նեռվայնացի»:

Երանի կազմակերպիչների համբերությանը՝ սիրալիր ձայնն ավելի խստացավ, բայց միայն այդքանը: Դե, երաժիշտների բախտն էլ այնքանով էր բերել, որ հայերեն չէին հասկանում: Տհաճ իրավիճակը ձգվում էր, անկառավարելի երեխաները՝ ավելանում, արդեն պաշարում էին փոքրիկ թրեյլերը, որը ծառայում էր արտիստներին որպես «գրիմյորկա», ներս մտցնում գլուխները, գոռում, առանց ամաչելու սողոսկում արանքները, փորձում ներս մտնել, գտնել «սեղանի տակ թաքնված Տիմատիին»:

Այդ ժամանակ կազմակերպիչներից մեկը որոշում կայացրեց հավաքվածների խմբից մեկին թույլ տալ մտնել ներս, զննել ամբողջ տարածքը, համոզվել, որ Տիմատին այդտեղ չէ և ասել մնացածին: Ակտիվ մի երեխա ընտրվեց, նրան տարան ներս, պտտեցրին այդ փոքրիկ տարածքով, որտեղ, ի դեպ, հանգստանում և ինչ-որ բան էին ուտում երաժիշտներից ոմանք, երեխան համոզվեց, որ երգիչն այնտեղ չէ, շատ գործնական տոնով ասաց մնացածին. «Հա՛, չէին խաբում»: Եվ «ամբոխները խելագարված» տրտնջալով ու բողոքելով սկսեցին ցրվել: Մի քանիսը դեռ չէին հանձնվում, մի քանիսը շարունակում էին կոպտել, մի քանիսը՝ փորձում չկա-չկա, «երաժիշտների հետ շփվել», բայց ընդհանուր առմամբ՝ վիճակը հանդարտվեց:

Միայն տհաճ տպավորությունները մնացին մեծերի հետ «դուք»-ով խոսել չիմացող և քֆուրչի ու անտակտ երեխաներից: Խնդիրն այնքան երեխաների մեջ չէ, որքան նրանց ծնողների, որոնք չեն սովորեցրել հասարակական վայրերում իրենց պահելու, մեծերի հետ շփվելու նորմերն ու կանոնները, որոնք սեփական վատ օրինակով խրախուսում են լինել «բիդլո», սանձարձակությամբ և ուրիշներին անհարմարություն պատճառելով հասնել ուզածին: Ու սարսափեցնողն այն է, որ հենց այդ երեխաներն են մեր ապագան, մնում է միայն հուսալ, որ նրանք բացարձակ մեծամասնություն չեն կազմում: