AM
10 Հունիս 2017 - 09:51 AMT

Կասյանի գյուղատնտեսական տոնավաճառը վերաբացվել է

Վերաբացվել է Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն մասնակցել են տոնավաճառի վերաբացման արարողությանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ Երևանի քաղաքապետի տեղակալի ուղեկցությամբ շրջել է տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ:

«Կարևորն այն է, որ գյուղատնտեսական տոնավաճառն այս տարի ևս վերաբացվեց: Մաշտոցի պողոտային հարակից տարածքում ևս նախատեսվում է վերաբացել գյուղատնտեսական տոնավաճառը՝ համապատասխան պահանջարկի դեպքում»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Նախարար Առաքելյանն, անդրադառնալով տոնավաճառում իրացվող գյուղմթերքի գներին, նշել է, որ միշտ շուկան է ձևավորում գինը, և այս գյուղատնտեսական տոնավաճառը հարմար է թե գյուղացու, թե քաղաքացու համար նրանով, որ սակարկելու հնարավորություն կա:

Տոնավաճառին, որը կկազմակերպվի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի շուրջ 125 գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:

ՀՀ նախագահի նախաձեռնությամբ 2011 թվականից կազմակերպվող այս տոնավաճառների համար մասնակցության պայմաններն անփոփոխ են: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Առևտրային միջնորդների մասնակցությունը տոնավաճառին բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:

Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար տրամադրել է վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երևանի քաղաքապետարանն աջակցել է տարածքի տրամադրման հարցում և յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնելու է տարածքի մաքրման աշխատանքներ: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը: