ԱՄՆ-ից 37 բժիշկ ու բուժաշխատող է գալու Հայաստան՝ օգնելու այն մարդկանց, ովքեր բժշկական ծառայությունների կարիք ունեն: Այս մասին հաղորդում է ABC30.com-ը:
Նրանք բժշկական ծառայություններ են մատուցելու երկրի գյուղական շրջաններում: Բժիշկների թվում է Ֆրեզնո քաղաքից վիրաբույժ Ջոն Գարին, որի համար սա հնարավորություն է մոտ 30 տարի անց վերադառնալ Հայաստան:
«Ես բախտ եմ ունեցել 1988 թվականին՝ Հայաստանը ցնցած երկրաշարժի ժամանակ լինել փրկարարների առաջին խմբի մեջ, որին Խորհրդային Միությունը թույլ էր տվել մտնել Հայաստան»,- պատմել է է նա:
Գարին կամավորագրվել էր ոչ միայն նրա համար, որ ցանկանում էր օգնել, այլև որովհետև պարտավորություն էր զգում իր նախնիների առաջ, ովքեր Հայաստանից են: «Պետք է հիշել, թե որտեղից ես»,- ասում է նա:
Ջոն Գարին նշում է, որ Հայաստանի գյուղական վայրերի բնակիչները հասանելիություն չունեն մշտական բուժօգնության: Նա ակնկալում է, որ իր հիվանդների շարքում կտեսնի Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայ փախստականների:
Բժիշկները հունիսի 14-ին մեկնել են Լոս Անջելեսից: Նրանք բուժծառայություններ կմատուցեն 10 օր շարունակ:





